Լիտվայի տրանսպորտի նախարարությունից հայտնել են, որ Լիտվայի եւ Հայաստանի մայրաքաղաքները տարեվերջին կկապվեն ուղիղ ուղեւորատար ավիահաղորդակցությամբ։
«Վիլնյուսի եւ Երեւանի միջեւ օդային հաղորդակցությունը, որը կբացվի դեկտեմբերի կեսերին, կծառայի մեր երկրների միջեւ առավել ակտիվ համագործակցությանը, հումանիտար կապերի ամրապնդմանը, գործարարության եւ զբոսաշրջության ոլորտներում շփումներին»,- իր հայտարարության մեջ ընդգծել է գերատեսչության ղեկավար Մարյուս Սկուոդիսը:
Նախարարը պարզաբանել է, որ երկու երկրների մայրաքաղաքների միջեւ շաբաթական երկու անգամ` չորեքշաբթի եւ կիրակի, թռիչքներ կիրականացնի «Wizz Air» հունգարական բյուջետային ավիաընկերությունը։