Ըստ «Associated Press»-ի՝ Չինաստանի առնվազն հինգ նահանգում ՔՈՎԻԴ-19-ի դեմ կսկսեն պատվաստել 3-11 տարեկան երեխաներին: Տեղական կառավարման մարմինները սկսել են նախազգուշացնել բնակիչներին, որ շուտով պատվաստումը պարտադիր է դառնալու նշված տարիքային խմբի երեխաների համար:
Չինաստանում պաշտոնական տվյալներով պատվաստվել է բնակչության 76 տոկոսը: Առողջապահության ազգային հանձնաժողովի տվյալներով՝ վերջին մեկ օրում երկրում գրանցվել է կորոնավիրուսի 35 նոր դեպք: Չինաստանի կառավարությունն ամռանն արդեն իսկ թույլատրել էր 3 տարեկան եւ ավելի բարձր տարիքի երեխաների պատվաստումը «Sinopharm» եւ «Sinovac» պատվաստանյութերով, սակայն երկրում դեռեւս պատվաստվել են 12 եւ ավելի բարձր տարիքի երեխաները:
Օրերս էլ ԱՄՆ իշխանություններն են հայտարարել մոտ ժամանակներս 5-11 տարեկան երեխաներին կորոնավիրուսի դեմ պատվաստելու մասին։ ԱՄՆ շուրջ 28 միլիոն երեխաներ կպատվաստվեն «Pfizer» պատվաստանյութով, որն արդեն կիրառվում է 12-17 տարեկան երեխաների շրջանում: