Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարել է, թե կորոնավիրուսը կնահանջի, երբ աշխարհը որոշի վերջ տալ դրան, համավարակի հաղթահարումը մեր ձեռքերում է։ Գեբրեյեսուսը նշել է, որ կորոնավիրուսի վարակին հաղթելու համար կան բոլոր անհրաժեշտ գործիքները, դրանց թվում` բժշկական, սակայն հարկ եղած ձևով չեն օգտագործվում։
«Աշխարհն այդ գործիքները լավ չի օգտագործում։ Օրական մահանում է շուրջ 50 հազար մարդ, եւ համաճարակը հեռու է ավարտից։ Եվ սրանք միայն այն մահերն են, որոնց մասին հաղորդվում է»,- պատվաստումը նկատի ունենալով՝ հայտարարել է ՄԱԿ-ին կից առողջապահական կառույցի ղեկավարը:
Վարակի դեմ միակ արդյունավետ այդ միջոցը մի դեպքում անհասանելի է տասնյակ աղքատ երկրներում, մյուս դեպքում հասանելի է, սակայն պատվաստման տեմպերը չեն բավարարում, ինչի հետեւանքով համավարակի հերթական ալիքը շարունակում է արագորեն տարածվել աշխարհով մեկ։
Շուրջ մեկուկես տարի շարունակվող համավարակն արդեն խլել է մոտ 5 միլիոն մարդու կյանք, վարակակիրների թիվը հասնում է 245 միլիոնի։ Մինչ օրս վարակի դեմ մեկ չափաքանակ պատվաստանյութ է ստացել աշխարհի բնակչության շուրջ 48 տոկոսը։ Աշխարհում միայն Արաբական Միացյալ Էմիրություններին է հաջողվել պատվաստել իր բնակչության գրեթե 100 տոկոսին, առաջատարների հնգյակում են Պորտուգալիան, Կուբան, Չիլին, Իսպանիան։
Համավարակային իրավիճակը ծանր է հատկապես Արեւելյան Եվրոպայում։ Թեեւ այս տարածաշրջանում ապրում է աշխարհի բնակչության ընդամենը չորս տոկոսը, սակայն Արեւելյան Եվրոպային բաժին է հասնում ընդհանուր վարակակիրների թվի 20 տոկոսը։ Մահվան բարձր ցուցանիշներ են արձանագրվում Ռուսաստանում, Ուկրաինայում, Ռումինիայում։