2003 թվականի դեկտեմբերի 11-ին Ժնեւում տեղի է ունենում Ռոբերտ Քոչարյան-Իլհամ Ալիեւ առաջին հանդիպումը, որի ավարտին Հայաստանի նախագահը հայտարարում է, որ կոնկրետ քայլեր չեն քննարկվել, գոհ է, որ այդ ձեւաչափով երկխոսությունը վերսկսվում է:
Իլհամ Ալիեւն իր հերթին մամուլին ասում է, որ հանդիպումն իր համար նշանակալի էր, քանի որ առաջին անգամ է մասնակցում ԼՂ կարգավորման բանակցություններին, այն «օգտակար էր եւ ճանաչողական», եւ ավելացնում. «Դա մի քայլ առաջընթաց էր»: Ադրբեջանի ԱԳ նախարար Գուլիեւն էլ տեղեկացնում է, որ կողմերը «ոչ մի փաստաթուղթ չեն ստորագրել, որեւէ պարտավորություն չեն ստանձնել»:
Նոր տարում Ադրբեջանը Բուդապեշտ է գործուղում Բաքվի համազորային ուսումնարանի վաշտի հրամանատար Ռամիլ Սաֆարովին՝ անգլերենի կատարելագործման եռամսյա դասընթացների: Մինչ այդ Սաֆարովը ծառայել էր Ադրբեջանի ԶՈՒ Գետաբեկի զորամասում, ավելի վաղ՝ Ստամբուլում, որտեղ կատարելագործվել էր՝ Թուրքիայում բարձրագույն ռազմական կրթություն ստանալուց հետո:
Քոչարյան-Ալիեւ առաջին հանդիպումից ուղիղ 70 օր անց Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտի ՆԱՏՕ-ական ռազմաուսումնական հաստատության հանրակացարանի իր սենյակում հունգարացի սպա Բալաժ Կուտիի աչքի առաջ կացնի տասնվեց հարվածով գլխատում է հայ սպա Գուրգեն Մարգարյանին:
Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունից երկու ամիս անց՝ 2004 թվականի ապրիլի 25-ին, Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Փարիզ՝ հանդիպելու Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակին, իսկ հետո՝ Վարշավա, որտեղ ապրիլի 27-ին կազմակերպվում է նրա երկրորդ հանդիպումը Իլհամ Ալիեւի հետ:
Փարիզ մեկնելուց առաջ Քոչարյանը «դավաճանություն» է որակում ընդդիմության բողոքի ցույցերը եւ «թիկունքից հարված»՝ Ադրբեջանի նախագահի հետ ԼՂ կարգավորման բանակցություններից առաջ: Հիշեցնենք, որ ընդդիմությունը նրանից պահանջում էր մի բան՝ կատարել Սահմանադրական դատարանի որոշումը եւ անցկացնել վստահության հանրաքվե: Սահմանադրական դատարանը նման վճիռ կայացրել էր 2003 թվականի նախագահական «վիճահարույց» ընտրություններից հետո՝ որպես ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման օրինական ելք:
Ի՞նչ է տալիս Վարշավայի հանդիպումը: Բառացիորեն՝ ոչինչ: Ուշագրավ է, որ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ստիվեն Մանը Քոչարյան-Ալիեւ բանակցություններից առաջ հանդիպում է ունենում Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հետ, որի ընթացքում վերջինս հայտարարում է՝ իր երկիրը «ոչ մի զիջումների չի գնա, Հայաստանը ագրեսոր է եւ պետք է պատժվի, ինչպես Հարավսլավիան եւ Իրաքը»:
Իրավիճակը գնահատելով՝ ռուսաստանցի նախկին համանախագահ Կազիմիրովն արձանագրում է մոտեցումների կոշտացում, նույնիսկ արմատականացում եւ կարծիք հայտնում, որ կողմերը պետք է վերադառնան այն կետին, որին հասել էին Ռոբերտ Քոչարյանը եւ Հեյդար Ալիեւը: «Այսինքն՝ մեկը պիտի հրաժարվի ուժային կարգավորման սպառնալիքից, մյուսը՝ փաթեթային լուծման պահանջից»:
Ինչպես ռուսներն են ասում, «ոզնուն էլ հասկանալի է». արդեն 2004 թվականի ապրիլին Իլհամ Ալիեւը սպառնում էր պատերազմով: Մինչդեռ Քոչարյանի հետ Վարշավա մեկնած Վարդան Օսկանյանը նույն լրատվամիջոցին ասում էր, թե Իլհամ Ալիեւը «ԼՂ հարցում վերաբերմունքով ներքաղաքական դիրքեր է ամրապնդում»:
Վարշավայում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերում՝ երրորդ հանդիպումն անցկացնել նույն տարվա սեպտեմբերին՝ ԱՊՀ Աստանայի գագաթաժողովի շրջանակում: Հանդիպումը կայանում է: Քոչարյանը եւ Ալիեւը նախ բանակցում են ՄԽ համանախագահների ներկայությամբ, ապա՝ դեմ առ դեմ ձեւաչափով, վերջում միանում է ՌԴ նախագահ Պուտինը: Նա մամուլի ներկայացուցիչներին ասում է, որ ինչ էլ պայմանավորվեն կողմերը, «նախագահների անձնական հանդիպումն առաջընթաց է»: Մոտավորապես նույնն է ասում նաեւ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես նաեւ Իլհամ Ալիեւը, որ հարկ է համարում անձնական շնորհակալություն հայտնել Ռուսաստանի նախագահին:
Պայմանավորվածությունների կամ գոնե շփման եզրեր գտնելու մասին՝ ոչ մի խոսք: Ոչ ոք, իհարկե, հետահայաց մեղադրանք չի կարող հնչեցնել Ռոբերտ Քոչարյանի հասցեին: ԼՂ կարգավորման բանակցություններում երբեք հեշտ լուծումներ կամ հայկական կողմերի համար փայլուն հնարավորություններ չեն եղել: Գուցե իմաստ չունի նաեւ հիշեցնելու կամ նկատել տալու, որ 1997 թվականի փուլային տարբերակը մերժելուց հետո նա պարզապես պարտադրված էր պնդել փաթեթային կարգավորում:
Արտառոցն այն է, որ Բուդապեշտում հայ սպայի դաժան սպանությունից հետո նա Իլհամ Ալիեւի հետ բանակցելու ցանկություն է ունեցել, այն էլ նույն տարում՝ երկու անգամ: Հայաստանում չե՞ն հաշվարկել, որ Գուրգեն Մարգարյանի սպանությունը Բաքվի կողմից ուժի, ինքնավստահության եւ քաղաքական ցինիզմի ցուցադրում է, հայկական հատուկ ծառայությունները տեղյակ չէի՞ն Ռամիլ Սաֆարովի կենսագրությանը: Ոչ ոք չէ՞ր կասկածել, որ Թուրքիայում ռազմական կրթություն ստացած սպան անգլերենի կատարելագործման կարիք չէր ունենա, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ երկրի բարձրագույն ռազմական ուսումնարանում անգլերենը պարտադիր ուսուցման առարկա է:
Ի վերջո՝ 2003-2004 թվականներին, Ադրբեջանը նավթային միլիարդավոր դոլարներ չուներ, Բաքու-Ջեյհանի կառուցումը դեռ ընթացքի մեջ էր, ադրբեջանական բանակը սպառազինված չէր նորագույն զինատեսակներով, պատերազմի հավանականությունը չափազանց նվազ էր: Գուցե արժե՞ր դադար վերցնել, գոնե հնարավորություն չտալ, որ ԼՂ հարցում կոշտ դիրքորոշմամբ Իլհամ Ալիեւն ամրապնդի ներքաղաքական դիրքերը, ինչպես Վարդան Օսմանյանն էր բացատրում նրա պահվածքը:
Առջեւում Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններն էին: Հայաստանի դիվանագիտական դեմարշը, որ մարդասպան երկրի նախագահի հետ բանակցությունների անհրաժեշտություն չի տեսնում, թերեւս լուրջ մարտահրավե՞ր լիներ Իլհամ Ալիեւի համար:
Ամեն ինչ, իհարկե, անցյալում է, անդառնալի, բայց նստվածքն, այնուամենայնիվ, մնում է, հիշեցնում, թե Հայաստանն ինչո՞ւ Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից եւ հրապարակային հերոսացումից, հայկական ուղղաթիռի սառնասիրտ խոցումից, անգամ ապրիլյան քառօրյայից հետո որեւէ կտրուկ քայլ չարեց: Եթե բանը պիտի հասներ պատերազմի, ապա ավելի լավ չէ՞ր մարտահրավերն ընդունել 2005, 2011, 2015, 2016 թվականներին:
Ե՞րբ է ծրագրվել քառասունչորսօրյա պատերազմը…
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։