Պաշտոնական Ստեփանակերտը Բաքվին առաջարկել է իր մոտ պահվող ադրբեջանական կտավները փոխանակել Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում մնացած կտավների հետ։ Բաքվի իշխանություններին Ստեփանակերտի առաջարկը փոխանցվել է ռուս խաղաղապահների միջոցով։
Արցախի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Արցախյան առաջին պատերազմից հետո հայկական կողմի վերահսկողության տակ է անցել 40 ադրբեջանական կտավ։ 30 տարի ադրբեջանական կողմը չի էլ փորձել հետ վերցնել այդ նկարները։
Շուշին մարդկանց ապահով էր թվում
Շուշիի կերպարվեստի, պատմության եւ երկրաբանական թանգարաններն ամբողջ գույքով անցել են Բաքվի վերահսկղության տակ, գորգերի եւ դրամի թանգարանի գույքը հայկական կողմը հասցրել է տարհանել։ Ղարախանյանն ասում է՝ նա դեռ հոկտեմբերի 19-ին է թանգարանների տնօրեններին հորդորել տարհանել գույքը։ Սակայն Շուշին մարդկանց այնքան ապահով էր թվում, որ շատերը ոչ միայն չէին տարհանում, այլեւ այլ վայրերից էին թանկարժեք իրերն այդ օրերին տեղափոխում Շուշի։
Գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասատրյանը տարհանել է գորգերը հոկտեմբերի 30-ին, դրամի թանգարանի տարհանումը կազմակերպել է Կենտրոնական բանկը։
Կերպարվեստի թանգարանում ներկայացված էին հայ մեծանուն նկարիչներ Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի, Գառզուի, Էդգար Շահինի, Ռուդոլֆ Խաչատրյանի, Ժանսեմի, Հակոբ Հակոբյանի, Արմինե Կալենցի, ռուս անվանի նկարիչներ Պավել Կուզնեցովի, Դմիտրի Վիլինսկու, Դավիդ Բուրլյուկի, Դմիտրի Ժիլինսկու, Անատոլի Սաֆոխինի, Տարաս Շեւչենկոյի, Դմիտրի Պլավինսկու, Անատոլի Սաֆոխինի եւ այլոց կտավները:
480 անուն հինավուրց նմուշ՝ 47 երկրից
Երկրաբանության թանգարանի ֆոնդում եղել են 480 անուն հանքաքար եւ օրգանական բրածո մնացորդներ: Հավաքածուի մեջ ներառված էին հանքաքարեր աշխարհի 47 երկրներից։ Դրանց մեջ կային հնագույն ցուցանմուշներ. մեկն ավելի քան 1 միլիարդ 200 միլիոն տարվա ցուցանմուշ էր, իսկ հենց Արցախի տարածքում հայտնաբերված հանքաքարերից ամենահինը 146 միլիոն տարեկան է:
Շուշիի պատմության թանգարանում ներկայացված էր Շուշիի հետ կապված ամեն ինչ՝ սկսած հնագույն շրջանից: Ցուցադրված էին Շուշիի պեղումների ժամանակ հայտնաբերված նմուշներ, քաղաքի կենցաղը, սրահներից մեկում մեծահարուստ բարերար Թադեւոս Թամիրյանցի տան ինտերիերն էր, կային տարբեր գորգեր, արծաթյա զարդեր, կահ-կարասի, Շուշիիում ժամանակին տպված թերթերն ու գրականությունը եւ այլն:
Ադրբեջանական թեզերը կքննարկվեն ու կհերքվեն
Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը հայտնել է նաեւ, որ 2022-ի մարտին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում անցկացվելու է միջազգային գիտաժողով, որի ընթացքում քննարկվելու են Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների աղվանացման փորձերը, հերքվելու են ադրբեջանական թեզերը։
«Ես շատ ուրախ եմ, որ գոնե ակադեմիական շրջանակներում ադրբեջանցիների՝ մեր հուշարձաններն աղվանական համարելու հոխորտանքները չեն լեգիտիմացվում։ Այս գիտաժողովը եւս մի հաղորդագրություն կլինի աշխարհին, որ չի կարելի նենգափոխել այն, ինչի ծագումը հայտնի է»,- ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ ասել է նախարարը։
Արցախի ԿԳՄՍ նախարարի համոզմամբ՝ այս գիտաժողովը մեկընդմիշտ վերջ կդնի հակառակորդ պետության՝ ամեն հայկական հուշարձանն աղվանացնելու թեզերին։
52 ամրոց, 12 թանգարան, 13 վանական համալիր, 122 եկեղեցի, 536 խաչքար
Գիտաժողովի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսված են։ Հրավիրվելու են մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից։ Սպասվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի այցը Լեռնային Ղարաբաղ՝ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական վերահսկողության տարածքներ։ Այցը ծրագրված էր դեռեւս 2020-ի նոյեմբերի 21-ին, սակայն հետաձգվել է։ Հայկական իշխանությունները Արցախի ԿԳՄՍ-ին փոխանցել են տեղեկությունը, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է ԼՂ այցելելու իր մտադրությունը։
44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ են հայտնվել ավելի քան 2000 հայկական հուշարձաններ։ Դրանց թվում են 52 ամրոց, 12 թանգարան, 13 վանական համալիր, 122 եկեղեցի, 536 խաչքար, կամուրջներ, գերեզմանատներ։ Հակառակորդը շարունակաբար քանդում է այդ հուշարձանները (Շուշիի Կանաչ ժամ, Մեխակավանի եկեղեցի) կամ նենգափոխում դրանց ծագումը` ներկայացնելով որպես աղվանական կամ ուդիական (Դադիվանք)։
Արցախի թեմի առաջարկը ադրբեջանցիներին
Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հայտարարել է, որ Արցախը Բաքվի հետ ռուս խաղաղապահների միջոցով բանակցություններ է վարում՝ դեպի Դադիվանք ուխտագնացությունները թույլատրելու վերաբերյալ։ Մայիսի 2-ից ադրբեջանցիներն արգելել են ուխտավորների այցերը։
«Նրանք Աղդաբան գյուղում գուսանի գերեզման ունեն, որին ուզում են այցի գալ։ Մենք էլ առաջարկել ենք՝ Դադիվանքի դիմաց գերեզման այցեր թույլ տանք։ Դեռ գործընթացը շարունակվում է»,- նշել է տեր Վրթանեսը։ Աղդաբանը Մարտակերտում է՝ հայկական վերահսկողության տակ։
Ուխտագնացություններն անխափան շարունակվում են
Տեր Վրթանեսն ընդգծել է, որ այժմ Դադիվանքում վեց հոգեւորական կա, որոնք կատարում են իրենց հոգեւոր գործառույթները, տարածքում բանտված չեն, ազատ ելումուտ ունեն։
Տեր Վրթանեսը նշել է, որ մի քանի օր առաջ երեսուն ուդի՝ հոգեւորականներ եւ քաղաքացիական անձինք, այցելել են Դադիվանք, աղոթել ու հեռացել։
Սրբազանը հիշեցրել է, որ դեպի Ամարաս եւ Գանձասար ուխտագնացություններն անխափանորեն շարունակվում են, շաբաթը երեք անգամ տրանսպորտ է աշխատում, տարածքներն ամբողջովին հայկական վերահսկողության տակ են։