ՀՀ Ազգային ժողովում գումարվել է հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված են «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին եւ մի շարք այլ օրենքների նախագծեր:
Փակ նիստում հրատապ քննարկում կանցկացվի «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը եւ սահմանազատման խնդիրները» թեմայով՝ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-րդի առաջարկով։ Որոշման նախագիծը քվեարկությամբ ստացավ 63 կողմ, 17 ձեռնպահ ձայներ:
Հարակից զեկուցման հնարավորություն կտրվի ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցին եւ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանին:
Նիստում նախատեսված է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրություն: Կքննարկվի նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած եւ ՀՀ պետբյուջե փոխանցած միջոցների օգտագործումը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին հարցը։
Օրակարգում է նաեւ դատարաններում գործերի՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ, ինչպես նաեւ արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչընդոտող փաստերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին հարցը: