Ըստ «Iran Daily»-ի՝ վերջին վեց ամսվա ընթացքում Իրանի առեւտուրը Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ պետությունների հետ գերազանցել է 2 միլիարդ 483 միլիոն դոլարը՝ գրանցելով 40 տոկոս աճ նախորդ տարվա ցուցանիշի համեմատ:
Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային վարչության (IRICA) խոսնակ Ռուհոլլահ Լաթիֆին նշել է, որ Իրանը 5,5 միլիոն տոննա ապրանքի առեւտուր է ունեցել ԵՏՄ անդամ պետությունների հետ։
IribNews.ir-ը հայտնել է, որ Իրանն այդ ընթացքում ԵՏՄ երկրներ է արտահանել ավելի քան 1,1 միլիոն տոննա ապրանք՝ 514.4 միլիոն դոլար արժողությամբ, որը քաշի եւ արժեքի առումով համապատասխանաբար 5 տոկոս եւ 36 տոկոս ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Ըստ Լաթիֆիի՝ այս վեց ամսում Իրանի արտահանման ուղղություններն են եղել Ռուսաստանը՝ 270,39 միլիոն դոլար, Հայաստանը՝ 123,67 միլիոն դոլար, Ղազախստանը՝ 78,63 միլիոն դոլար, Ղրղզստանը՝ 32,19 միլիոն դոլար, եւ Բելառուսը՝ 9,5 միլիոն դոլար:
Պաշտոնյան նշել է, որ Իրանը նշված ժամանակահատվածում ներմուծել է նաեւ 1.97 միլիարդ դոլար արժողությամբ մոտ 4,4 միլիոն տոննա ապրանք՝ գրանցելով քաշի եւ արժեքի առումով համապատասխանաբար 14,5 տոկոս եւ 41 տոկոս աճ։
Ռուսաստանից ներմուծվել է 1,71 միլիարդ դոլարի, Ղազախստանից՝ 234,77 միլիոն դոլարի, Բելառուսից՝ 12,18 միլիոն դոլարի, Հայաստանից՝ 4,62 միլիոն դոլարի, Ղրղզստանից՝ 372,441 դոլարի ապրանք:
ԵՏՄ-ն ազատ առեւտրի համաձայնագիր է ձեռք բերել 2018-ի հոկտեմբերին, որի հիման վրա մոտ 862 ապրանքային տեսականի ենթարկվել է արտոնյալ սակագների:
Իրանի եւ ԵՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի գոտու ձեւավորումը հաստատող միջանկյալ պայմանագիրը ստորագրվել է 2018-ի մայիսի 17-ին եւ պաշտոնապես ուժի մեջ է մտել 2019-ի հոկտեմբերի 27-ին:
Իրանը տարածաշրջանում շատ կարեւոր շուկա է, եւ այս երկրի հետ կապերի զարգացումը մեծ նշանակություն ունի ԵՏՄ անդամների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի համար:
Իրանի եւ Միության միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը հիմք է դրել երկու կողմերի միջեւ առեւտրային կապերի ընդլայնմանը: Դաշինքի հետ համաձայնագիրը զգալիորեն մեծացրել է Իրանի արտահանումը ԵՏՄ անդամ պետություններ, ինչը շրջադարձային է ԱՄՆ պատժամիջոցների ընթացքում ոչ նավթային արտահանումը խթանելու ծրագրի համար:
Պատրաստեց Կարինե Դավոյանը