Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այսօր բացել են Ֆիզուլիի (Վարանդա) օդանավակայանը։ Ըստ «Թուրան» գործակալության՝ Էրդողանն ու Ալիեւը երկուսով կտրել են կարմիր ժապավենն ու ցուցադրել «Ղարաբաղի օդային դարպասների խորհրդանշական բանալին»։
Ղարաբաղյան վերջին պատերազմում Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում առաջին՝ Ֆիզուլիի օդանավակայանը կառուցվել է ռեկորդային կարճ ժամանակում՝ ութ ամսվա ընթացքում։
Թուրքիայի նախագահի աշխատակազմից հայտնել են, որ մեկօրյա աշխատանքային այցի ընթացքում օդանավակայանի բացման արարողությանը մասնակցելուց բացի Էրդողանը Ադրբեջանի իշխանությունների հետ կքննարկի երկու երկրների հարաբերությունները, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցության հետագա խորացմանն ուղղված քայլերը։ Երկու երկրների առաջնորդները նաեւ մտքեր կփոխանակեն տարածաշրջանային եւ միջազգային ընթացիկ իրադարձությունների շուրջ։
Էրդողանին այցի ընթացքում ուղեկցում են մի խումբ նախարարներ, որոնց թվում՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: