Մեղրիում իշխանությունները խառն են եւ փորձում են ամեն ինչ անել, որ համայնքի ղեկավար ընտրվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արարատ Թումանյանը։
Հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններում Սյունիքի մարզի Մեղրի խոշորացված համայնքում ՔՊ-ն չհաղթեց, առավելագույն ձայները ստացավ «Հանրապետություն» կուսակցությունը։ Այդ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել էին 4 կուսակցություններ. «Հանրապետությունը» ստացել է մոտ 43 տոկոս կամ 6 մանդատ (ավագանու կազմում կունենա 6 անդամ), ՔՊ-ն՝ 33 տոկոս (5 մանդատ), իսկ Սամվել Բաբայանի «Ազատական» եւ Մանե Թանդիլյանի ղեկավարած «Ապրելու երկիր» կուսակցությունները՝ 2-ական մանդատ։
Ընտրությունների այս արդյունքներով որեւէ կուսակցություն չի կարող միայնակ համայնքի ղեկավար ընտրել, քանի որ չունի դրա համար անհրաժեշտ նվազագույնը 50+1 տոկոս կամ 8 ձայն։
Բնական է, որ այս ընթացքում քաղաքական ուժերը պետք է բանակցեն կոալիցիա կազմելու համար։ Եվ բանակցություններն ընթանում են։ Մեղրիից եկող տեղեկությունների համաձայն՝ առավելագույն ձայն ստացած Բագրատ Զաքարյանը ցանկանում է ինքը դառնալ համայնքի ղեկավար։ ՔՊ-ն փարձում է օգտագործել այդ պաշտոնում իր թեկնածուին պահելու հնարավոր բոլոր միջոցները եւ ակտիվորեն բանակցում է հատկապես «Ազատական» կուսակցության հետ, որ միանան իրենց եւ ընտրեն Արարատ Թումանյանին։
Վերջինս մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, թե բոլորի հետ էլ բանակցում են։ «Եվ բոլոր քաղաքական ուժերն այդ նույն գործընթացի մեջ են։ Բայց քանի որ հիմա փակ բանակցություններ են, չէի ուզի մանրամասնել»,- հավելեց նա։
«Ազատություն» կուսակցության թեկնածու Խաչատուր Անդրեասյանն էլ ասաց, որ բոլորը բոլորի հետ հանդիպում եւ բանակցում են։ «Սպասում ենք նոր հանդիպումների, բայց թե կոնկրետ ով ում հետ է կոալիցիա կազմելու, առայժմ պարզ չէ»։
Բայց չէ՞ որ ՔՊ-ի եւ իրենց 7 մանդատները բավարար չեն համայնքի ղեկավար ընտրելու համար։ «Մի ձայնը կպակասի, բայց կարող է մարդ լինի, իր երկու ձայնով միանա։ Նայած՝ ով ում է միանում։
Եվ կա այն հնարավորությունը, որ եթե մենք միանանք ՔՊ-ին, կարող է «Ապրելու երկիրն» էլ իր երկու ձայնով միանա։ Դեռ կողմնորոշվում են եւ վերջնական որոշում չունեն»,- ասաց Խաչատուր Անդրեասյանը։
«Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արմեն Հայրապետյանն էլ հայտնեց, թե այս պահին չեն բանակցում, առաջիկայում եթե որոշում կայացնեն, կհայտարարեն դրա մասին։
Իսկ հարցին, թե այնուամենայնիվ իշխանություններն առաջարկել են միանալ իրենց, պատասխանեց․ «Իրավունք ունե՞մ չպատասխանելու այդ հարցին»։
Մեր տեղեկություններով իշխանությունները գրեթե ունեն «Ազատություն» կուսակցության համաձայնությունը եւ առայժմ համոզում են «Ապրելու երկիր» կուսակցությանը։ Եթե չկարողացան նրանց կոալիցիա բերել, ապա մտածում են օգտվել օրենքի այն դրույթից, որ եթե որեւէ թեկնածու չի ստանում նվազագույն 8 ձայնը, ապա համայնքի ղեկավար է դառնում տարիքով ավագը։ Այս դեպքում ավագը ՔՊ-ի թեկնածու Թումանյանն է։ Նա ծնվել է 1975 թվականին, իսկ Զաքարյանը՝ 1983-ին։
«Եթե հանկարծ իշխանությունները գործարքի գնացին ցածր հեղինակություն ունեցող մարդկանց հետ, դա լուրջ հարված կլինի իրենց վարկանիշին, եւ չեմ կարծում, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններին ՔՊ-ն այստեղից ձայն տանի»,- «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասաց Հայաստանի ժողովրդական կուսակցության փոխնախագահ Գրիգոր Հարությունյանը։
Վերջինս ապրում է Մեղրիում եւ մինչեւ Հայաստանի անկախացումը եղել է շրջկոմի առաջին քարտուղարը, այնուհետեւ պատգամավոր է ընտրվել շրջանից։
Հարությունյանն ասում է, թե Մեղրի խոշորացված համայնքի բնակչությունը համայնքի ղեկավարի պաշտոնում ցանկանում է տեսնել Բագրատ Զաքարյանին, քանի որ հարգում է նրան, դրական է վերաբերվում նրա անցյալին։ Վերջինս այդ շրջանում տարբեր պաշտոններ է զբաղեցրել, հարգանք վաստակել, իսկ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ թշնամին մոտեցել էր քաղաքի սահմանին, նա ՀԱԿ վարչության անդամ Դավիթ Մաթեւոսյանի հավաքագրած խմբի կազմում կռվում էր։
«Դուք տեսնեիք, թե ընտրության օրը երեկոյան ինչ էր կատարվում նրա շտաբի մոտ։ Այսօր Մեղրին քննարկումների լուրջ կիզակետում է սահմանների եւ ճանապարհների պատճառով»,- ասում է Գրիգոր Հարությունյանը։
Ըստ ՀԺԿ փոխնախագահի՝ մյուս 3 թեկնածուները Թումանյանի հետ միասին չունեն բարձր վարկանիշ, մեղրեցիները վատ են վերաբերվում իշխանությունների հետ այդ բանակցություններին։ Ասում է, որ հանդիպել է ՔՊ-ի ներկայացուցիչների հետ եւ հայտնել է իր մտահոգությունները։ Նա անգամ մտածում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չգիտի, թե ինչ է կատարվում կուսակցության կամ իշխանության ստորին օղակներում, որ նրան ճիշտ տեղեկություն չեն տալիս։
Հարությունյանը լսել է, որ Սյունիքում ՔՊ-ի գործունեությունը համակարգում է փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, եւ Մեղրիի համայնքի ղեկավարի պաշտոնում հենց նա է հովանավորում Թումանյանին, եւ հենց նա է համակարգում մյուս կուսակցությունների հետ բանակցությունները։
«Բայց ես ՔՊ-ի վերին օղակներում զգուշացրել էի, որ իրենց թեկնածուն հեղինակություն չունի, երկու ամիս աշխատեց, տեսանք։ ԱԺ ընտրությունների արդյունքները, Նիկոլ Փաշինյանի ազդեցությունը օգուտ չտվեցին»,- ասում է Հարությունյանը։
Հարությունյանը նաեւ հիշեցնում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Զաքարյանն ու իր թիմը աշխատել են ՔՊ-ի օգտին, եւ ճիշտ է համարում, որ հիմա էլ ՔՊ-ն ընտրի նրան։ Իսկ ՏԻՄ ընտրություններին հատկապես փոքր համայնքներում ազդեցիկ են անձնական կապերը։
«Մյուս թեկնածուները ձայն ստացել են իրենց անձնական կապերով, բայց Զաքարյանի 43 տոկոսը խնամի-ծանոթ-բարեկամի ձայն չէ, երիտասարդությունը նրան է ընտրել։ Իսկ ՔՊ-ն «Հանրապետության» հետ միասին Մեղրիում կունենա 76 տոկոս, եւ կստացվի, որ ողջ համայնքն է այդ կոալիցիային պաշտպանում»,- հավելում է Գրիգոր Հարությունյանը։
ՀԺԿ ղեկավարը մտահոգություն ունի, որ եթե իշխանություններն անտեսեն Զաքարյանի հաղթանակն ու մյուս երկու կուսակցությունների հետ կոալիցիա կազմեն կամ տարիքային առավելությունից օգտվելով՝ իրենց թեկնածուին դարձնեն համայնքապետ, ապա ՏԻՄ ընտրություններում մյուս համայնքներում՝ Գորիսում, Տաթեւում կամ Գյումրիում տարած պարտությունները շղթայական ռեակցիայով կտարածվեն ողջ հանրապետությունով։ Եվ ՔՊ-ն կպարտվի նաեւ նոյեմբերի 14-ին եւ դեկտեմբերի 5-ին մոտ 4 տասնյակ համայնքներում տեղի ունենալիք ընտրություններում։
«Փաշինյանը պիտի հետեւություն անի, այսօր ժողովուրդը նրանց չի աջակցում։ Կասեմ, որ սա պետության ապագայի խնդիր է։ Ես այս իշխանություններին եմ պաշտպանել նրա համար, որ Քոչարյանը չգա, ես կարծում եմ, որ մեր երկրի ողջ դժբախտությունների պատճառը, մեր երկիրը կործանողը նա է։ Բայց ի՞նչ է կատարվում հիմա։ Ես կցանկանայի, որ իմ ասածը շատ արագ տեղ հասնի»,- եզրափակեց Գրիգոր Հարությունյանը։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։