ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ հանդիպմանը դեսպանը խոսել է ԱՄՆ-ից Հայաստանին պատվաստանյութերի նվիրատվության հնարավորությունների մասին: Հանդիպման օրակարգում եղել է հայ-ամերիկյան գործակցությունը` համավարակի հաղթահարման ու պատվաստումային գործընթացի կազմակերպման հարցերը:
ՀՀ-ում ՔՈՎԻԴ-19-ի դեմ օրական պատվաստումների թիվը հատել է 20 հազարի շեմը, եւ ցուցանիշն աճման միտում ունի: Կիրակի «Պատվաստումների օր Երեւան քաղաքում» միջոցառման շրջանակում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում տեղակայված «Գրիգոր Նարեկացի ԲԿ», «Թիվ 20 պոլիկլինիկա», «Արաբկիր մանկական պոլիկլինիկա» ՓԲԸ մասնագետների շարժական կետերում պատվաստվել է 800 քաղաքացի: