Նիդերլանդների վերաքննիչ դատարանը հոկտեմբերի 26-ին վճռել է, որ Ղրիմի թանգարանների գանձերը, այդ թվում` Սկյութների ոսկյա զարդերը պատկանում են Ուկրաինային։ Ոսկե սաղավարտն ու վզնոցը մեկական կիլոգրամից ավելի են կշռում։
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ողջունել է դատարանի որոշումը։
Ղրիմի երեք եւ Կիեւի մեկ թանգարանների նմուշները Նիդերլանդների «Allard Pierson Museum» թանգարանում ցուցադրվել էին նախքան թերակղզու Ռուսաստանին անցնելը։ Թանգարանը 2014-ի փետրվարից հյուրընկալել էր Ղրիմի թանգարանների հավաքածուները «Ղրիմ. Սեւ ծովի ոսկին եւ գաղտնիքները» խորագրով ցուցադրությունում։ 2014-ից հետո նմուշները մնացել էին Նիդերլանդներում․ հայտնի չէր, թե ում են վերադարձվելու մի քանի հարյուր հազար դոլար արժողությամբ ցուցանմուշները։ Թանգարանային նմուշները պահանջում են թե՛ Ուկրաինան, թե՛ Ղրիմը։
Դրանք դուրս էին բերվել ուկրաինական Ղրիմից, հատուկ պայմանագրեր եւ երաշխավորագրեր էին կնքվել ուկրաինական կառավարության հետ, սակայն Ղրիմն այժմ Ռուսաստանի Դաշնության կազմում է, եւ հայտնի չէ, թե ինչպես է տեղի ունենալու վերադարձը:
Նիդերլանդների վերաքննիչ դատարանը որոշել է, որ «Allard Pierson Museum»-ն այլեւս պարտավոր չէ նմուշները վերադարձնել Ղրիմ։ «Թանգարանների մասին օրենքի հիման վրա Ուկրաինա պետության իրավունքներն առաջնահերթ են»,- ընդգծել է դատավորը։
Որոշումը կարող է բողոքարկվել Նիդերլանդների գերագույն դատարանում։