Սարահարթի 3/4 շենք․ տաքսու վարորդը հասցեն լսելուն պես ճշտող հարց է տալիս՝ ջրհեղեղի տակ ընկած շե՞նք ենք գնալու։ Նշված հասցեն վերջին օրերին Ալավերդիում հենց այսպես է հայտնի։ Իսկ այն, ինչ կատարվել է այստեղ օրեր շարունակ տեղացած անձրեւի հետեւանքով, դժվար է նկարագրել։
Պետք է հատկապես վերջին հարկերի բնակիչներին լսել, թե ինչպես են, ռետինե երկարաճիտ կոշիկներ հագած, տան մեծ ու փոքր տարաները հատակին շարել՝ փորձելով անձրեւից փրկել գույքն ու պաշտպանել նաեւ իրենցից ներքեւ բնակվողներին։ Կամ ինչպես են գիշերը վերմակների վրա պոլիէթիլենային թաղանթ փռել, որ գոնե երեխաները կարողանան մի քանի ժամ քնել։ Իսկ անձրեւներից հետո ոմանք տան գորգն են դեն նետել, մի մասն էլ՝ խոնավությունից անպիտան դարձած հագուստը։ Ասում են՝ գնալու տեղ չունեն, որ ժամանակավոր դուրս գան տներից, մինչեւ պատերը չորանան։
Բնակիչները նման անելանելի վիճակում են հայտնվել տանիքը նորոգող շինարարական կազմակերպության անփույթ եւ անպատասխանատու վերաբերմունքի պատճառով։ Շինարարներն ամբողջությամբ հեռացրել են տանիքի հին ծածկը եւ, առանց որեւէ աշխատանք անելու, հեռացել։
«Եկան, ամբողջ տանիքը միանգամից քանդեցին։ Երբ նայեցինք եղանակի տեսությունը ու պարզեցինք, որ 3 օր անընդմեջ անձրեւ է գալու, արդեն ուշ էր։ Չկարողացանք շինարարներին գտնենք, էդ օրերին ընդհանրապես չկային։ Շինանյութը դարսել էին ու կորել»,- պատմում է երեք անչափահաս երեխաների մայր Սոսե Մամաջանյանը, որ դեպքից օրեր անց տասը ամսական փոքրիկի հետ հիվանդանոց է տեղափոխվել։
Ըստ Սոսեի՝ նյութական վնասը նույնպես մեծ է․ բնակարանի մանրահատակն է քանդվել, կահույքը՝ խոնավությունից փչացել։ Ինչպես ասում են, ապահով տանիք ունենալու ուրախությունը կարճ է տեւել։
Հինգերորդ հարկի բնակիչ Սիրվարդ Ծատինյանն աղջկա հորդորով է լքել անձրեւաջրերից տուժած ու հոսանքազրկված իր բնակարանը։ Մի քանի օր շարունակ անկողնային հիվանդ ամուսնու հետ սպասել են՝ գուցե եղանակը փոխվի։ Պատմում է, որ անկողինն ու հագուստը պարբերաբար մի սենյակից մյուսն է տեղափոխել, բայց հետո անձրեւաջրերը շատացել են։
«Սեպտեմբերի 28-ից մինչեւ ամսի 1-ն արդեն ջրհեղեղ էր։ Աղջիկս եկավ, օգնեց, իրերը տեղափոխեցինք, էդքան ցելոֆան էլ չկար տանը։ Ամսի 2-ին եկա, տան դուռը բացեցի ու վազեցի, հարեւանին ասի՝ փրկի՛ր ինձ։ Տունս քանդվում էր, ջրհեղեղ էր, ուզում էի մեռնեմ, տունս տենց չտեսեմ։ Իջել եմ քաղաքապետարան, ասի՝ տունս քանդվում է, օգնե՛ք, փոխքաղաքապետն ասեց՝ գնացեք, կգան, կնայեն։ Ոչ մեկը չեկավ։ Անզորությունից լաց էի լինում։ Ես չեմ ասում՝ գային, ինչեր անեին, բայց գոնե հոգեբանորեն հանգիստ, պաշտպանված կզգայինք, որ մեկը կանգներ կողքներիս»,- հուզմունքով պատմում է տիկին Սիրվարդը։
Մոտ մեկ շաբաթ անձրեւաջրերը ներհոսել են՝ հասնելով մինչեւ ստորին հարկեր։ Երրորդ հարկում բնակվող Գայանե Հոսյանն ընտանիքով բացակայել է քաղաքից։ Վերադառնալով՝ բնակարանը խոնավության մեջ է գտել։
Բնակիչներից Գյուլնարա Գեւորգյանն էլ տարակուսանքի մեջ է՝ էս դարում, երբ ամեն օրվա եղանակը գրվում է, ո՞նց կարելի է նման բան անել, ասում է։
«Մենք էս տունը նորոգած առել ենք էրեխուս համար, դեռ չի էլ տեսել, տանիքն էլ էս հատվածում սարքած է էղել։ Թող տունս ոնց կար, ինձ տան, իրենցից էլ բան չեմ ուզում։ Կամ էլ թող գումարը հատուցեն»,- ասում է բնակիչը։
Սանահին-Սարահարթ թաղամասի 3/4 շենքի տանիքը հիմնանորոգվում է համայնքի՝ 2021 թվականի բնապահպանական ծրագրի գումարով։ Համայնքապետարանը 6 շենքերում տանիքներ նորոգելու նպատակով մոտ 100 մլն դրամ է հատկացրել։ Համայնքի եւս 4 շենքերում էլ տանիքներ են վերանորոգվում սուբվենցիոն ծրագրով՝ համայնք-պետություն համաներդրումով։
Ալավերդու համայնքապետարանը նշված երկու ծրագրերի դեպքում էլ որպես համաներդրող ներգրավել է նաեւ բնակիչներին։ Այսինքն՝ բնակիչները նույնպես վճարել են՝ տանիքի նորոգման գումարի 10 տոկոսի չափով։ Սարահարթ թաղամասի 3/4 շենքի դեպքում, օրինակ, այդ գումարը 1 մլն 400 հազար դրամ է կազմել, որից մոտ 1մլն 200 հազարը, ըստ բնակիչների, արդեն փոխանցել են այդ նպատակով բացված հաշվեհամարին։
«Շենքի յուրաքանչյուր տուն 30 հազար դրամ է տվել։ Ռուսաստանից, Հունաստանից գրեթե բոլորը ուղարկել, մասնակցել են, գումարը հավաքվել է»,- ասում են բնակիչներն ու անդադար կրկնում՝ «վճարել ենք մեր տունը մեր գլխին քանդելու համար»։ Շինարարական կազմակերպությունից նրանք փոխհատուցում են պահանջում, իսկ համայնքապետարանից՝ հետեւողական վերաբերմունք, ինչի բացակայության պայմաններում են նման վիճակում հայտնվել։
Ալավերդու համայնքապետ Սասուն Խեչումյանը, սակայն, չի ընդունում բնակիչների այն պնդումը, թե համայնքապետարանն անտարբեր է եղել։ Ըստ Խեչումյանի՝ փոխանակ շնորհակալ լինելու, որ քաղաքապետարանի աշխատողներն անձրեւի տակ օգնել են ցելոֆան փռելու կամ թիթեղներ դնելու, դժգոհում են։
Համայնքի ղեկավարն ասում է՝ միակ պատասխանատուն նա է, ում գործողությունից վնաս են կրել բնակիչները։ «Ինքը մեզնից ժամանակ է խնդրել, հիմա իրենց մոտ հաշվարկներ կանեն, վնասի փոխհատուցման չափը կերեւա։ Միգուցե մեկին շինանյութ տան, մյուսին՝ գումարային աջակցություն։ Ես ինքս էլ ասել եմ, որ համայնքն էլ է պատրաստ էդ մարդկանց որոշակի սոցիալական աջակցություն ցույց տալու»,- նշում է համայնքապետն ու հավելում, որ խնդիրը շինարարների հետ փորձում են լուծել գործընկերային մթնոլորտում՝ բացատրելով եւ համոզելով։
Մինչդեռ շինարարության պատվիրատու Ալավերդու համայնքապետարանը, որ քաղաքի 6 տանիքների վերանորոգման համար համայնքի բյուջեից եւ բնակիչների անձնական ներդրումներից «Շին» ընկերությանը մոտ 100 մլն դրամ է վճարելու, նաեւ շինարարության գլխավոր վերահսկողն է։ Ուստի ասել, որ համայնքապետարանը պատասխանատու չէ կատարվածի համար, առնվազն զավեշտ է։
Հոկտեմբերի 15-ին աշխատանքային այցով Ալավերդի եկած Լոռու մարզպետը Ալավերդու համայնքապետի եւ ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանի հետ նշված շենք են այցելել, լսել բնակիչներին։ Նրանք խոստացել են պարտավորեցնել շինարարական կազմակերպությանը լիարժեք փոխհատուցել պատճառված վնասը։
Ալավերդիում 6 շենքերի տանիքների հիմնանորոգման մրցույթը շահած «Շին» ՍՊԸ տնօրեն Արամ Խաչատրյանն «Ալիք Մեդիային» հայտնեց, որ օրերս կրկին հանդիպելու են Սարահարթ թաղամասի 3/4 շենքի բնակիչների հետ։
«Կհանդիպենք, կհատուցենք, որին ինչ վնաս տվել ենք՝ մեկին շինանյութի տեսքով, մեկին գումարի տեսքով, էդ հարցը կկարգավորենք։ Տանիքները վերջացնում ենք մի քանի օրվա ընթացքում, հետո կանցնենք էդ վնասներին, տեսնենք՝ ոնց է ստացվում»,- նշեց շինարարական կազմակերպության տնօրենը։
Իսկ բնակիչները, չնայած իրենց հետ հանդիպած պաշտոնյաների եւ շինարարների խոստումներին, թերահավատ են, որ հասցված վնասը լիարժեք կփոխհատուցվի։ Ասում են՝ եթե բնակարանները չբերեն նախկին տեսքին, դատարան են դիմելու։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։