Անթալիայի դատարանը կալանքից ազատ է արձակել Ռուսաստանի յոթ քաղաքացու, որոնք ձերբակալվել էին անտառը հրկիզելու մեղադրանքով:
«Անթալիայի քաղաքային դատարանում բողոքը բավարարվել է։ Որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացվել է։ Նրանք առաջիկայում ազատ կարձակվեն»,- հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտեի ռուսական ստորաբաժանման փոխնախագահ Իվան Մելնիկովը։
Նա նշել է, որ խափանման միջոցը փոխելու մասին իրեն հայտնել է ռուսաստանցիների փաստաբանը։ Մելնիկովը հույս է հայտնել, որ մոտ ապագայում բոլոր մեղադրանքները կհանվեն, եւ նրանց հայրենիք վերադառնալու թույլտվություն կտրվի։
Մելնիկովն ընդգծել է, որ ռուսաստանցիների նկատմամբ խափանման միջոցի փոփոխությանը հաջողվել է հասնել ՌԴ ԱԳՆ-ի, փաստաբանների եւ իրավապաշտպանների համատեղ ջանքերով: Նա չի հստակեցրել, թե խափանման ինչ միջոց է ընտրվել: