Թեհրանում ընթանում է Աֆղանստանի հարեւան երկրների ներկայացուցիչների հանդիպումը, որին մասնակցում են Իրանի, Պակիստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի արտգործնախարարները, իսկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Վանգ Յին մասնակցում են առցանց ձեւաչափով։
Աֆղանստանի հարցով հանդիպման ընթացքում Ռուսաստանը ներկայացնում է Իրանում ՌԴ դեսպան Լեւան Ջագարյանը:
Քննարկումներից առաջ ընթերցվել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայսիի բացման խոսքը: Ինքը՝ նախագահը, ներկա չի եղել միջոցառմանը, թեեւ նախօրոք հայտարարված էր, որ ներկա է լինելու:
Միջոցառմանը ողջույնի ուղերձ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
Հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն, թե ինչպես կարող են աջակցել Աֆղանստանում ներառական կառավարության ձեւավորմանը, որտեղ ներկայացված կլինեն բոլոր էթնիկ խմբերը։
Սա Աֆղանստանում «Թալիբան»-ի իշխանության գալուց հետո երկրորդ նման հանդիպումն է, առաջինը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին առցանց ձեւաչափով։