Երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառան: Նա մասնակցելու է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակության պաշտոնական բացման արարողությանը։
ՀՀ արտգործնախարարությունից հայտնել են, որ տեղի է ունեցել արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ Էդգար Պենյա Պառայի՝ ընդլայնված կազմով հանդիպումը։ Հանդիպումից հետո արտգործնախարարը եւ Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդը համատեղ հայտարարություն են արել։
Սուրբ Աթոռը Հայաստանի կողքին է
Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Սուրբ Աթոռը մշտապես Հայաստանի կողքին է եղել դժվարին ժամանակներում, եւ անցյալ տարին եւս այդ առումով բացառություն չէր:
Հայաստանի համար հատկանշական եւ կարեւոր է Վատիկանի հետեւողական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման, նաեւ տարածաշրջանում երկարատեւ խաղաղության եւ կայունության պահպանման հարցում, մասնավորապես՝ Արցախյան վերջին պատերազմի եւ հաջորդած ժամանակաշրջանում Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հղած ուղերձները, ինչպես նաեւ ռազմագերիների ազատ արձակման կոչերը մեծ նշանակություն են ունեցել եւ ունեն:
Պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգությունը այժմ վտանգի տակ է: Այդ առումով կողմերը կարեւորել են ինչպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի, այնպես էլ Սուրբ Աթոռի հետաքրքրությունը տվյալ հարցում։
Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառան այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Նախատեսված են Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդի հանդիպումներ նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոսի, ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի հետ:
Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակություն բացելու Հռոմի Պապի որոշման մասին հայտնի դարձավ հոկտեմբերի 11-ին ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի Իտալիա կատարած պետական այցի ժամանակ, երբ նրան Վատիկանում ընդունել էր Հռոմի պապը: