Երեւանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակության գրասենյակի բացմամբ Վատիկան-Երեւան հարաբերությունները նոր փուլ են թեւակոխել, այսօր Երեւանում հայտարարել է Սուրբ Աթոռի պետական քարտուղարի տեղակալ Գերապայծառ Էդգար Պենյա Պառան, որն էլ Հյուսիսային պողոտայում կատարել է Վատիկանի գրասենյակի բացումը:
«Վատիկանյան լուրեր»-ը տեղեկացնում է, որ Վատիկանից ժամանած բարձրաստիճան հյուրը Երեւանում իր ելույթում ասել է. «Այժմ կարող ենք ասել, որ սրբազան քահանայապետը տունի ունի Հայաստանում», եւ ավելացրել, որ Հռոմի պապի փափագն է, որ իր այդ նոր տունը ծառայի առաքելական նվիրակին՝ Հայաստանի Հանրապետությունում եւ տեղի քրիստոնեական հասարակության շրջանում նրա առաքելության կատարմանը:
Ինչպես տեղեկացրել ենք, Հայաստանում հիմնվել է Սուրբ Աթոռի (Վատիկան քաղաք-պետության) նստավայրի առաքելական նվիրակություն, նվիրակ է նշանակվել Ն. Գ. գերպ. Ժոզե Ավելինու Բետանկուրը, որն իր աշխատանքները Երեւանում սկսել է սեպտեմբերի 1-ից:
Գրասենյակի բացման առթիվ Սուրբ Աթոռի՝ երկօրյա այցով Հայաստան ժամանած պետական քարտուղարի տեղակալն այցելել է նաեւ Ծիծեռնակաբերդ եւ Հայոց ցեղասպանություն թանգարան, այնուհետեւ ԱԳՆ-ում հանդիպել արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: Նախատեսված են նաեւ հանդիպումներ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։
Հյուսիսային պողոտա 10/1 հասցեում հիմնված գրասենյակի առջեւ բարձրացվել է Սուրբ Աթոռի դրոշը: