Մոլդովան էներգետիկ ճգնաժամը մեղմելու նպատակով նիդերլանդական «Vitol» ընկերությունից ձեռք կբերի մեկ միլիոն խորանարդ մետր գազ։ Vitol-ը գազի մատակարարումները սկսում է հենց այսօրվանից: Գինը, սակայն, չի հրապարակվում։
Մոլդովայի փոխվարչապետ Անդրեյ Սպինուն հայտարարել է, որ Քիշնեւը միաժամանակ շարունակում է բանակցությունները «Գազպրոմ»-ի հետ։ Երկօրյա բանակցությունները նախօրեին ավարտվել են անարդյունք․ Ռուսաստանը Մոլդովային առաջարկել է 25 տոկոս զեղչ, սակայն մոլդովական կողմը 50 տոկոս զեղչ է պահանջում՝ պատճառաբանելով միջոցների սղությունը։
«Մոլդովայի Հանրապետությունը չի կարող համաձայնել գազի համար վճարել ավելի բարձր գին, քան տարածաշրջանի մյուս պետություններն են վճարում»,- հայտարարել է փոխվարչապետ Սպինուն։
Քիշնեւում նշել են, որ Լեհաստանից գնված գազը, որի գինը եւս չի հանրայնացվում, Մոլդովայի առկա ամբողջ պահանջարկը բավարարել չի կարող։
«1 միլիոն խորանարդ մետր գազը այնքան էլ մեծ թիվ չէ։ Մենք գազի այդ ոչ մեծ ծավալը լեհական պետական ընկերությունից գնում ենք, որպեսզի բացառենք խողովակաշարերում ճնշման անկումը»,- հայտարարել է Մոլդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիցան՝ նշելով, որ հոկտեմբերին «Գազպրոմ»-ը մոլդովական շուկա է մատակարարել գազի նախապես համաձայնեցված ծավալների միայն 67 տոկոսը։
Մոլդովայի իշխանությունները հոկտեմբերի 22-ին ստիպված էին երկրի էներգետիկ ոլորտում արտակարգ դրություն հայտարարել՝ կոչ անելով բնակչությանը խնայողաբար ծախսելու վառելիքը։
Մոլդովայում ստեղծված ճգնաժամը քննարկել են Եվրամիության անդամ պետությունների էներգետիկայի նախարարները։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը թվիթերյան գրառմամբ հայտնել է, որ Եվրամիությունը Մոլդովայի կողքին է․ ԵՄ փորձագետները տեղում ուսումնասիրում են օժանդակության հնարավոր տարբերակները։ Նա նշել է, որ քննարկվում է նաեւ գազի հավելյալ մատակարարումների հնարավորությունը։