Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ երեկ՝ հոկտեմբերի 26-ին, ԶՈՒ գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի հրամանով առաջին անգամ Դոնբասում կիրառվել է թուրքական արտադրության «Bayraktar» անօդաչու թռչող սարք։
Ուկրաինայի գլխավոր շտաբից հաղորդել են, որ անօդաչուից կառավարվող ռումբով հարված է հասցվել «ռուսական ահաբեկչական խմբավորումների» D-30 հաուբիցին, ուկրաինական զինված ուժերի դիրքերի գնդակոծման հետեւանքով մի զինծառայող զոհվել էր, եւս մեկը՝ վիրավորվել։
Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը վստահեցրել է, որ «Bayraktar»-ը ոչնչացրել է «ռուսամետ անջատականների» մարտկոցի հրետանու միավորներից մեկը՝ առանց հատելու շփման գիծը, ինչից հետո ուկրաինական զինուժի դիրքերի գնդակոծումը դադարել է։
Պաշտոնական Կիեւն այս պահին ունի 12 միավոր «Bayraktar», մտադիր է ձեռք բերել եւս 24-ը։ Թուրքիան եւ Ուկրաինան «Bayraktar»-ների սպասարկման կենտրոնի կառուցման հուշագիր են ստորագրել եւ մտադիր են «Bayraktar»-ի համատեղ արտադրություն սկսել։
Նշենք, որ Ուկրաինայի արեւելքում 2014-ի փետրվարից սկիզբ առած զինված հակամարտության հետեւանքով զոհվել է շուրջ 13 հազար մարդ։