Հայաստանի պետական մարմիններում քարոզչություն իրականացնելու ունակ մարդկանց սղություն կա: Ամեն օր 40-50 զոհ ունենալը մի տեսակ դառնում է նորմա: Ինչո՞ւ: Որովհետեւ իշխանությունն իրականում ինքն էլ ունի ժողովրդի կասկածները. չէ՞ որ ժողովրդական իշխանություն է: Նույնիսկ խստացումներն ընդունվում են դրանք չվերահսկելու կանխավարկածով:
Փորձենք հասկանալ, թե ինչի մասին է խոսքը իրականում: Այն մասին է, որ համատարած պատվաստում իրականացնելիս իշխանությունը չունի, գուցե նաեւ չի էլ կարող ունենալ այն լեզուն, որով «օձին բնից կհանի» եւ կուղարկի պատվաստվելու: Միեւնույնն է, ընդդիմացողները շատ են: Եվ նրանք իրենց հակաքարոզչությամբ իշխանություններից պակաս «գրագետ» չեն:
Հայտնի է, որ գիտակից հատվածը հիմնականում պատվաստվել է, պատվաստվել է նաեւ այն հատվածը, որը վախենում է ավելին կորցնելուց, ասենք՝ աշխատանքը: Այսինքն՝ պատվաստվել է տհաճությամբ:
Սա հասարակության գաղջ հատվածն է, ժամանակին այս հատվածի հետ էր աշխատում իշխանությունը, երբ ընտրակաշառքով կամ սպառնալիքներով քվե էր կորզում իշխանությունը պահպանելու համար:
Կան նաեւ նոր վարակված ու առողջացածները, որոնք վեց ամսվա ստույգ երաշխիք ունեն, որ նորից չեն վարակվի:
Բայց կա մի մեծ հատված, որը մեծ դավադրություն է տեսնում պատվաստման մեջ, ասենք՝ պատվաստվողը չիպավորվում է կամ մի երկու տարուց հաստատ մեռնելու է մոլորակի բեռնաթափման շրջանակում: Այս զանգվածը գերազանց «գիտի» պատվաստանյութի բաղադրատոմսը, այնտեղ ամեն ինչ կա՝ բացի պատվաստանյութից: Կարճ ասած՝ այդ մարդիկ չեն հավատում պատվաստման փրկչականությանը:
Ի՞նչ անել: Նախ պետք է իրերն անվանել իրենց անուններով։ Հասարակության այս հատվածը ինտելեկտուալ առումով այլմոլորակային է, իր «գիտելիքները» նա ստանում է «ոչ այս աշխարհից», նրանք «պարականոն ինտելեկտուալներ» են: Խնդիրն այն է, որ իշխանությունը պիտի խոսի ինչպես ապուշի հետ: Պետք չէ, որ իշխանությունը մարդուն՝ իր քաղաքացուն անվանի ապուշ, բայց նա պետք է համապատասխան լեզու ունենա, որ քաղաքացին ըմբռնի, թե ինչ է սպասում իրեն: Ինչպես տեսնում եք, մահերն էլ «պարականոն ինտելեկտուալին» ոչինչ չեն ասում: Որովհետեւ պատվաստանյութի մահաբերությունն ավելին է, քան վարակից արձանագրվող աճը: Վարակն, ըստ նրանց, բոլորին չի սպառնում սպանել, իսկ ահա պատվաստանյութը հաստատ կսպանի: Իշխանությունը գիտակից հատվածին որքան կարողացել է, հասկացրել է, նրանց առանձնապես երկար-բարակ բացատրել էլ պետք չէ:
Համարենք, որ պատվաստվելուն ընդդիմացողները ոչ գիտակից հատվածն են: Ուզենք, չուզենք, մարդկանց հաճելի է դավադրության տեսությունը, դավադրության տեսության մեջ նրանք իրենց զգում են մի տեսակ ուրիշ, նրանք գիտեն մի բան, որը չգիտի խելոքի կամ տրամաբանողի համբավ ունեցող մեկը, նրանք իրենց Վանգա կամ Նոստրադամուս են զգում՝ մենք գիտենք մի բան, որը ֆիզիկայի եւ ավանդական բժշկության տրամաբանությունից դուրս է, մենք գիտենք աշխարհի մեծերի պլանները:
Ինքնուրույն «մարգարեություն» անել չիմացողները, որոնք կյանքում շատ բաներով աչքի չեն ընկել (համարենք նրանց օրվա ուղեղներ), հանկարծ հասկանում են, թե ուր է գնում աշխարհը, իրենք, ախր, երկար էին փորձում հասկանալ, թե ինչու է աշխարհն այսքան անհանգիստ, դու մի ասա՝ նրան ուզում են կործանել:
Այս զանգվածի հետ կոմունիկացիան առողջապահության նախարարի առաջիկա անելիքն է: Ու նրանց հետ մահերի դինամիկայով խոսելն անիմաստ է: Մի «պարականոն ինտելեկտուալ» էլ պիտի պետությունը դառնա, որպեսզի ներսից գտնի նրանց լեզուն, նրանց դեմ պայքարի «պատվաստանյութը»:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: