Զրույցի ընթացքում աշխարհն աստիճանաբար եւ հետեւողականորեն զարգանում է:
Օտտո Շարմեր
Զրույցի թեման անսպառ է։ Այն առանձնապես արդիական է մեր ժամանակներում՝ այս անցումային շրջանում։ Աշխարհում կատարվում են բազմաթիվ ուսումնասիրություններ, որոնք փաստում են, որ զրույցը, երկխոսությունը մարդկանց միջեւ կարող է անփոխարինելի դեր ունենալ ինչպես անհատի, այնպես էլ հասարակության կայացման գործում։
Զրույցի մասին հետաքրքիր եւ կիրառական ուսումնասիրություններ են կատարվել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում (MIT)՝ «ՅՈՒ տեսության» շրջանակում։
«ՅՈՒ տեսության» հիմնադիր Օտտո Շարմերը սոցիալական դաշտերը համեմատում է բնական դաշտերի հետ։ Ըստ նրա դիտարկումների՝ սոցիալական դաշտերն են ձեւավորում մարդկանց փոխհարաբերությունների ձեւն ու որակը։ Իսկ զրույցն այդ փոխհարաբերությունների ե՛ւ կենդանի դրսեւորումն է, ե՛ւ լավ հնարավորություն՝ դրանք կարգավորելու։
Դաշտն է պայմանավորում զրույցի որակը, տոնայնությունը, ոճը։ Զրույցի դաշտը հաղորդակցության, փոխհարաբերությունների տիպար է․ երբ այն սկսում է գործել, մասնակիցները մեծ մասամբ տրվում են դրա ազդեցությանը եւ իրենց մասնակցությամբ էլ ուժեղացնում են այն։ Տիպարի ազդեցությանը չտրվելու համար պահանջվում են կամք եւ ներքին աշխատանք։
«ՅՈՒ տեսություն»-ը դիտարկում է զրույցի հետեւյալ դաշտերը․
- Ներբեռնում. երբ մարդիկ խոսում են քաղաքավարի՝ գովասանքներ ստանալու համար, իսկ նրանց նպատակը հաճոյանալն է:
- Դեբատ կամ բանավեճ. երբ յուրաքանչյուրն ասում է իր մտքում եղածը, եւ հիմնական մղումն իր գիտեցածը պնդելն է:
- Դիալոգ կամ երկխոսություն. երբ զրուցելիս լսում են միմյանց: Մարդը զգում է իրեն որպես ամբողջի մաս, սկսում է տեսնել աշխարհը նաեւ զրուցակցի աչքերով, զգում է զրուցակցի ցավն ու հոգսը, ցանկություններն ու ներքին մղումները:
- Ստեղծարար զրույց. երբ զրույցի բոլոր մասնակիցները միասին հայտնվում են հավաքող, միավորող դաշտում եւ տեսնում են իրենց զրույցի առարկան բոլոր հնարավոր կողմերից:
Առաջին դաշտը՝ ներբեռնումը, ամենատարածվածն է։ Դեռ դպրոցական տարիքից մենք սովորում ենք ասել այն, ինչ ցանկանում է լսել ուսուցիչը։ Հետո աշխատում ենք ասել այն, ինչ ակնկալում է մեր դասախոսը, ղեկավարը։ Ստացվում է այնպես, որ կազմակերպություններում եւ կուսակցական հավաքներում հարցերի քննարկումները հիմնականում տեղի են ունենում նման մթնոլորտում, երբ բոլորը ջանում են չհակադրվել հատկապես ղեկավարին, պահպանել ընդունված նորմերը, կանոնները, առկա կարծրատիպերը։
Այլ կերպ ասած՝ ներբեռնման դաշտում զրույցն ընթանում է քաղաքավարության շրջանակում՝ համաձայն ընդունված նորմերի։ Բայց որքան բարդ է խնդիրը, այնքան ավելի մեծ է պահանջը՝ դուրս գալու ընդունված կարծրատիպերից եւ գործելու ավելի խորքային դաշտերում։ Ներբեռնման դաշտում ընթացող զրույցները լուծումների չեն հանգեցնում, քանի որ այս դեպքում հնարավոր չէ հարցի ամբողջական քննություն։ Այս դաշտի զրույցների մասնակիցները «բնազդային ներբեռնում» լսելու հարթությունում* են։
Երկրորդ՝ դեբատի կամ բանավեճի դաշտի առանձնահատկությունն այն է, որ մասնակիցներն ասում են հենց այն, ինչ մտածում են։ Տարբերությունն առաջին դաշտում ընթացող զրույցից հիմնականում այն է, որ արտահայտվում են մտքեր, որոնք կարող են չհամընկնել ընդունված տեսակետի, ղեկավարի կարծիքի հետ։ Այս պարագայում մասնակիցների արտահայտած մտքերը նաեւ հակադրվում են։ Տեղի է ունենում մտքերի, տեսակետների մարտ՝ բանավեճ։ Այսպիսի իրավիճակն արդեն մի քայլ առաջ է առաջին դաշտում ընթացող զրույցներից, քանի որ մասնակիցները սկսում են գիտակցել, որ կան իրենց կարծիքից տարբերվող տեսակետներ եւս: Սակայն դա բավարար չէ բարդ խնդիրների լուծումները գտնելու համար։ Այս դաշտի զրույցների մասնակիցները «փաստացի լսում» հարթությունում* են։
Երրորդ՝ դիալոգի կամ երկխոսության դաշտը ձեւավորվում է այն ժամանակ, երբ զրույցի մասնակիցները սկսում են կողքից տեսնել իրենք իրենց։ Նրանք ավելի ուշադիր են լսում մյուսներին, սկսում են զգալ այլ մասնակիցների փաստարկների ճշմարտացիությունը եւ, այդպիսով, դուրս են գալիս դեբատի դաշտից։ Այս դաշտում ընթացող զրույցների դեպքում լինում է տեղաշարժ՝ ընդդիմախոսին մերժելու դիրքից դեպի նրան հասկանալու, առավել էմպատիկ ընկալելու դիրքորոշում։ Յուրաքանչյուրն իրեն համարում է ամբողջի մի մասը։ Այս դաշտի զրույցների մասնակիցները «ապրումակցային կամ էմպատիկ» լսելու հարթությունում* են։
Նման զրույցների լավագույն օրինակներ են Պլատոնյան դիալոգները, երբ մասնակիցները ճեմում էին եւ զրուցում, ու տեղի էր ունենում հրաշք՝ խոր, հիմնարար ճշմարտությունների բացահայտում։
Յուրաքանչյուր կայացած զրույց նպաստում է մեր ներքին տաճարի կառուցմանը:
Չորրորդ՝ ստեղծարար զրույցի դաշտը նմանվում է հրաշքի: Երբ զրույցի մասնակիցները խմբով հայտնվում են չորրորդ դաշտում, տեղի է ունենում որակական թռիչք։ Բոլորը խոսում են բուն թեմայից եւ միայն ըստ էության։ Դատարկ, ունայն խոսքերը քչանում են, եւ արտահայտված յուրաքանչյուր մտքում, ինչպես հոլոգրամում, երեւում է ամբողջը։ Մասնակիցներն այլեւս չեն հակադրվում իրար, այլ հնարավոր տարբեր կողմերից լրացնում են միմյանց։ Խումբը սկսում է գործել եւ խոսել միասնության գաղափարի հիման վրա։
Այս ապրումները մեզ անծանոթ չեն։ Մենք եղել ենք նման իրավիճակներում։ Հիշենք Ղարաբաղյան շարժման օրերը։ Ազատության հրապարակը դարձել էր մի մեծ զրուցարան, իսկ մենք՝ այդ մեծ զրույցի ունկնդիրներն ու մասնակիցները։ Այս դաշտի զրույցների մասնակիցները «Ստեղծագործական լսում» հարթությունում* են։
Օտտո Շարմերը պնդում է, որ նման զրույցի ընթացքում մասնակիցներն անցնում են նուրբ, բայց խոր փոփոխության միջով, որը կապում է նրանց՝ գիտելիքների ավելի խոր աղբյուրի հետ՝ ներառյալ նրանց ապագա լավագույն հնարավորությունը եւ «Ես»-ի իմացությունը:
Եթե Դուք զրուցում եք լսելու չորրորդ՝ ստեղծագործական հարթությունում, կարող եք նկատել, որ զրույցի վերջում այլեւս նույն մարդը չեք, ինչպիսին էիք, երբ այն սկսվեց։
Խոսակցական հաղորդակցության այս դաշտերի ճանաչումն առանձնապես կարեւոր է մեր ժամանակներում փոփոխությունների կառավարման համար։
Նայենք մեր ներկայիս զրույցներին։ Դրանք կա՛մ ներբեռնման, կա՛մ էլ բանավեճի դաշտում են։ Իսկ ներկա իրականությունը պահանջում է երկխոսություն կամ ստեղծարար զրույց։
Զրույցի դաշտերն իրենք իրենց չեն փոփոխվում:
Նկատենք նաեւ, որ եթե դաշտը փոխվում է, դա անդրադառնում է զրույցի բոլոր մասնակիցների վրա։ Օրինակ, երբ անցում է կատարվում քաղաքավարի խոսակցությունից դեպի բանավեճ, բոլորն են սկսում բանավիճել։ Անգամ նրանք, ովքեր ցանկանում են մնալ նախկին՝ քաղաքավարության դաշտում, փորձում են կանգնեցնել բանավեճը հենց բանավեճի ոճով՝ հրամայելով, պարտադրելով։
Ներկա դժվարությունները հաղթահարելու եւ առկա մարտահրավերներին պատասխանելու գործընթացում անփոխարինելի է զրույցի մի դաշտից մյուսին անցնելու ունակությունը։ «ՅՈՒ տեսությունը» եւ «Փրեսենսինգ» ինստիտուտը ներկայացնում են ոչ միայն տեսական գիտելիքներ, այլ նաեւ առաջարկում են խիստ որոշակի մեթոդիկաներ նման ունակությունների ձեռքբերման եւ զարգացման համար։
Մաթեմատիկոս, տեխնիկական գիտությունների թեկնածու։ Աշխատում է ՏՏ ոլորտում ծրագրավորող։ Հետաքրքրությունների շրջանակը՝ մարդ, հոգեւոր գիտելիք, հոգեբանություն, փիլիսոփայություն։