2022-ի հունվարի 1-ից Եվրամիության խորհրդի նախագահությունը վեց ամսով կանցնի Ֆրանսիային։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել միգրացիոն խնդրի կարգավորման նպատակով Եվրամիության եւ Աֆրիկայի միջեւ նոր համաձայնագրի ստորագրման օգտին:
«Եվրամիությունում Ֆրանսիայի նախագահության ժամանակ իմ նպատակներից մեկն այն է, որ փորձեմ վերականգնել հաշտության եւ բարեկամության պայմանագիրն Աֆրիկայի հետ․ խոսքը, մասնավորապես, վերաբերում է նրան, թե Եվրոպայի երկրներն ինչ հնարավորություններ կարող են տալ աֆրիկացի երիտասարդությանը։ Մենք պետք է մտածենք նաեւ, թե ինչպես ավելի լավ կազմակերպել միգրացիոն քաղաքականությունը»,- ըստ «Agence France-Presse»-ի՝ ասել է Մակրոնը։
Մակրոնը անօրինական միգրացիայից ավելի լավ պաշտպանության եւ Շենգենյան գոտու բարեփոխման կոչ է արել:
Նա նշել է, որ Եվրամիության երկրներում ապաստան խնդրողները ժամանում են հիմնականում այն երկրներից, որոնց հետ ԵՄ-ն հիանալի դիվանագիտական հարաբերություններ ունի։ «Մենք նրանց քաղաքացիներին տալիս ենք տասնյակ կամ նույնիսկ հարյուր հազարավոր այցագրեր»,- նշել է Մակրոնը: