Ուկրաինայի հանրային պաշտպան Լյուդմիլա Դենիսովային ավելի քան 40 րոպե սպասեցրել են Վրաստանի սահմանին։ Հանրային պաշտպանը Վրաստան է ժամանել նախկին նախագահ, Ուկրաինայի քաղաքացի, կալանավորված Միխեիլ Սաակաշվիլիին տեսակցելու նպատակով։ Նա նշել է, որ միայն զանգերից ու սպառնալիքներից հետո են իրեն ազատ թողել։
Ըստ «Ալիք Մեդիա Վրաստանի»՝ Լյուդմիլա Դենիսովան Վրաստանի նախկին նախագահի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ խախտվել են առողջության, դատավարական եւ կրոնական իրավունքները:
Դենիսովան հայտարարել է նաեւ, որ քրեակատարողական հիմնարկում երրորդ նախագահի հանդեպ մարդու իրավունքների խախտումներն ակնհայտ են, եւ ինքը նամակ կգրի Վրաստանի արդարադատության նախարարին, իսկ Ուկրաինա վերադառնալուց հետո կփորձի հանդիպել նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եւ տեղեկություններ տրամադրել Սաակաշվիլիի վիճակի մասին։
Չեն թողել մուտք գործել Վրաստան
Միխեիլ Սաակաշվիլիի ուկրաինացի փաստաբան Եվգենի Գրուշովեցին առհասարակ չեն թողել մուտք գործել Վրաստան: Ուկրաինացի փաստաբանին Թբիլիսիի օդանավակայանում հարցաքննելուց հետո հետ են ուղարկել Ուկրաինա։
Այսօր առավոտյան Կիեւից ինքնաթիռով Թբիլիսի ժամանած ուկրաինացի լրագրող Դիմիտրի Գորդոնին եւս թույլ չեն տվել մուտք գործել երկիր։ Դրա մասին լրագրողը հայտնել է «Տելեգրամի» իր ալիքում։ Նա նշել է, որ Թբիլիսիի օդանավակայանում պաշտոնապես հայտնել են, որ իր մուտքը Վրաստան արգելված է՝ առանց պատճառները մատնանշելու։
«Ես այս փաստը միանշանակ կապում եմ այն բանի հետ, որ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը դիմել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը՝ Ռուսթավի բանտում իմ հանդիպումը Միխեիլ Սաակաշվիլիի հետ կազմակերպելու խնդրանքով»,- գրել է Գորդոնը՝ ընդգծելով, որ կատարվածը միջազգային սկանդալ է եւ ամոթալի՝ Վրաստանի կառավարության համար։
Ավելի վաղ Գորդոնը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հորդորել է ամեն ինչ անել ուկրաինական քաղաքացիություն ունեցող Վրաստանի նախկին նախագահի ազատ արձակմանը հասնելու համար։
Ըստ տեղեկությունների՝ Դմիտրի Գորդոնից բացի Վրաստան մուտք գործել թույլ չեն տվել նաեւ Գորդոնի կնոջը՝ Ալիսիա Բացմանին, Միխեիլ Սաակաշվիլիի գրասենյակի ղեկավար Մարիա Բարաբասումին եւ նրա տեղակալ Եվգենի Սուշենկոյին, որոնք Թբիլիսի էին գալիս Գորդոնի համաժողովին մասնակցելու համար։