Վրաստանի Հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն հայտնել է, որ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների շրջանում երեխաները կազմում են 15 տոկոս:
Ըստ «Սպուտնիկ Վրաստանի»՝ վերջին տվյալներով Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը, 2020-ի փետրվարից սկսած, 698944 է: Կորոնավիրուսով հիվանդացել է 103,9 հազար երեխա ու մինչեւ 18 տարեկան դեռահաս: Նրանցից 6979-ը հիվանդանոցային բուժման կարիք են ունեցել։ «Ցավոք, մենք ունեցել ենք մահվան ինը դեպք: Եթե չհաշվենք երեք նորածիններին, մյուս բոլորն ունեցել են ուղեկցող ծանր գենետիկ հիվանդություններ»,- ասել է Գամկրելիձեն: Կորոնավիրուսի հնդկական շտամի տարածման պատճառով Վրաստանում ավելացել են ախտահարման դեպքերը երեխաների ու դեռահասների շրջանում:
Համաճարակաբանական իրադրության եւ երեխաների հաճախացած վարակման դեպքերի կապակցությամբ հոկտեմբերի 11-ից Վրաստանում սկսվել է քրոնիկ հիվանդություններ ունեցող 12-15 տարեկան երեխաների պատվաստումը: Դրանից առաջ պատվաստվում էին 16 տարեկանից: Դեռահասների պատվաստումը կատարվում է միայն «Pfizer» պատվաստանյութով։