Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության աջակցությամբ Հալեպում վերանորոգվում են Ս. Գեւորգ եկեղեցին եւ ՀԲԸՄ-ի մարզադաշտը։
«Սիրիայի իրադարձություններից հետո սիրիահայերի հետ տարվող աշխատանքները միշտ կարեւոր առաջնահերթություններից են մեզ համար։ Նախորդ տարիներին Արամ Ա-ն իր այցերով եւ այլ աշխատանքներով ոչ միայն քաջալերել է Սիրիայում ապրող հայության վերակազմակերպումը, այլեւ նպաստել է մի շարք ծրագրերի իրագործմանը»,- ասվում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի ֆեյսբուքյան գրառման մեջ։
Արամ Ա-ն ընդգծել է, որ կշարունակի աջակցել ինչպես Հալեպում, այնպես էլ Սիրիայի տարբեր շրջաններում բնակվող հայերի վերակազմավորման հարցում։
1923-ին հիմնված Ս. Գեւորգ Եկեղեցին Հայոց ցեղասպանությունից հետո Հալեպում կառուցված առաջին եկեղեցին է։ 2012-ին` սիրիական պատերազմի օրերին, ահաբեկչական խմբավորումները հրկիզել են եկեղեցին` կրակի մատնելով սրբանկարները, սենյակները։