ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել է փաստերով վերլուծություն Գեղարքունիքի մարզի գյուղերի անմիջական հարեւանությամբ ադրբեջանական զինված ուժերի անօրինական (unlawful) տեղակայումներից եւ անօրինական (unlawful) ամրացման աշխատանքներից մեկի վերաբերյալ:
«Նրանց հանցավոր արարքների ու ներկայության պատճառով ՀՀ գործարար ընկերությունը չի կարողանում օգտվել ՀՀ կառավարության որոշմամբ ու Կադաստրի կոմիտեի սեփականության վկայականով իրեն օրինական հատկացված 200 հա տարածքից, որից 75-ի վրա կառուցել է երկու հողմակներ, ապօրինաբար (unlawfully) զրկվել է գործարարությամբ զբաղվելու իրավունքից, իսկ կրած վնասը, իր հաշվարկով, 5 միլիոն դոլար է»,- ընդգծել է ՄԻՊ-ը:
Արման Թաթոյանը շեշտել է, որ ադրբեջանական անօրինական տեղակայումների պատճառով քաղաքացիական բնակչությունը հայտնվել է ադրբեջանական զինված ծառայողների թիրախում. վտանգված է պարբերական գնդակոծություններով, խաթարված է մարդկանց խաղաղ կյանքն ու անվտանգությունը, ոտնահարված է կյանքի իրավունքը, մարդիկ զրկված են սեփականության իրավունքից ու գյուղատնտեսությամբ ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից:
Այս փաստերը կուղարկվեն միջազգային համապատասխան մարմիններին, ինչպես նաեւ ՀՀ պետական մարմիններին ու ՀԿ-ներին՝ իրենց աշխատանքում օգտագործելու նպատակով: