ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ ռուս խաղաղապահներն ապահովել են Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում՝ կողմերի սահմանազատման գծի մոտ, ջրատարի վերանորոգման ու վերականգնողական աշխատանքների իրականացման անվտանգությունը:
Ռուս խաղաղապահ զորախմբի Հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետներն արձագանքել են Ասկերանի շրջանի ղեկավարի խնդրանքին ու ձեռնամուխ եղել երկու շաբաթով կողմերի սահմանազատման գծի մերձակայքում ջրային մայրուղու անցկացման ինժեներական աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության ապահովմանը:
«Ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը որոշում է ընդունել օգնություն ցուցաբերել խողովակաշարի անցկացման հարցում։ Աշխատանքները կիրականացվեն երկու շաբաթվա ընթացքում, ինչի արդյունքում Խրամորթ գյուղն ամբողջությամբ կապահովվի ջրով»,- ասել է ռուս խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Անդրեյ Ռեզնիկովը։
Աշխատանքների ավարտից հետո ռուս խաղաղապահների աջակցությամբ Խրամորթ գյուղի 300-ից ավելի ընտանիք կապահովվի խմելու ջրով:
Անցած ամիս ռուս խաղաղապահների աջակցությամբ գործարկվեց Մարտունու շրջանի Կարմիր Շուկա եւ Թաղավարդ գյուղերի ավելի քան 2 հազար բնակիչների համար խմելու ջուր մատակարարող ջրատարը: Խաղաղապահները նաեւ շարունակում են ապահովել Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի ջրատարի վրա աշխատողների անվտանգությունը: Աշխատանքների ավարտից հետո գյուղի ավելի քան 400 բնակիչ կապահովվի խմելու ջրով: