Միջուկային խնդրով Իրանի բանագնաց, ԻԻՀ փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին եւ Եվրամիության բանագնաց Էնրիկե Մորան Բրյուսելում հոկտեմբերի 27-ին քննարկել են իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու հնարավորությունը: Բանակցություններն ընթացել են դռնփակ ռեժիմով:
Հանդիպմանը Քանին շեշտել է, որ իրանական կողմը պատրաստ է վերադառնալու բանակցություններին այն դեպքում, եթե Միացյալ Նահանգներն ամբողջությամբ հրաժարվի պատժամիջոցներից եւ նպաստի աշխարհի հետ Իրանի բնականոն առեւտրի վերականգնմանը: Փոխարտգործնախարարն ասել է, որ այդ պայմաններում Իրանը կներկայացնի համապատասխան երաշխիքներ միջուկային ծրագրի վերաբերյալ:
Ալի Բաղերի Քանին բրյուսելյան բանակցություններից հետո Թվիթերում գրել է, որ Իրանը պատրաստ է հաջորդ ամիս՝ մինչեւ նոյեմբերի վերջը, վերսկսել բանակցությունները համաշխարհային տերությունների հետ՝ միջուկային համաձայնագիրը վերականգնելու նպատակով։ Նա նշել է, որ հստակ ամսաթիվը կնշվի հաջորդ շաբաթ։
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը եւս ասել է, որ Վաշինգտոնը պատրաստ է վերադառնալու Վիեննա՝ Թեհրանի հետ անուղղակի բանակցությունների համար: Բանակցությունների մյուս մասնակիցները չեն շտապել մեկնաբանել հանդիպումը։
Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի աշխատակազմի ղեկավար Էնրիկե Մորան համակարգում է Իրանի բանակցությունները միջուկային գործարքի մյուս մասնակիցների հետ:
Եվրամիությունը եւ համաշխարհային տերությունները պայքարում են բանակցությունները վերականգնելու համար, որոնք դադարեցված էին հունիսին Իրանի նախագահական ընտրություններից հետո, երբ իշխանության եկավ Էբրահիմ Ռաիսին:
Անցած շաբաթ Բորելն ասել է, որ ժամանակը սպառվում է, եւ հարկ է վերսկսել քննարկումները՝ նշելով, որ Իրանի նոր կառավարությունն ուներ «խնդրին ծանոթանալու բավական ժամանակ»: Մորան այս ամսվա ընթացքում այցելել է Թեհրան:
Եվրամիության Բարձր ներկայացուցչի խոսնակ Պետեր Ստանոն ասել է, որ Եվրամիության դիվանագիտական ծառայությունը ջանք չի խնայում բոլոր կողմերի միջեւ Վիեննայում քննարկումները վերսկսելու համար:
«Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը», որն այլ կերպ անվանում են «Իրանի միջուկային պայմանագիր», երկարատեւ բանակցություններից հետո 2015-ի հուլիսի 14-ին Վիեննայում Եվրամիության Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի մասնակցությամբ համաձայնեցրել են Իրանը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Չինաստանը, որոնց միացել է նաեւ բանակցությունների ակտիվ մասնակից Գերմանիան:
Նշված փաստաթղթով Իրանը պարտավորվել է սահմանափակել միջուկային հետազոտությունների ակտիվությունը, մասնավորապես ուրանի հարստացումը: Միջազգային գերտերություններն էլ պարտավորվել են Իրանի կողմից այդ պայմանները կատարելու դեպքում աստիճանաբար չեղարկել պատժամիջոցները, ինչն Իրանին հնարավորություն կընձեռի նավթ արտահանելու, միջազգային առեւտուրը վերականգնելու եւ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու:
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2018-ի մայիսին չեղարկել է Միացյալ Նահանգների մասնակցությունը պայմանագրին՝ ասելով, թե դա «ամերիկյան դիվանագիտության պատմության ընթացքում ամենաանհաջող եւ վնասակար միջազգային փաստաթուղթն է, որն Իրանին ընդամենը ատոմային ռումբ ստեղծելու ժամանակ է տալիս»: Թրամփը վերականգնել եւ խստացրել է Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները: Ռուսաստանը, Չինաստանը եւ եվրոպական գերտերությունները չեն հրաժարվել պայմանագրից:
Իրանը դրանից հետո սկսել է աստիճանաբար չեղարկել պայմանագրով ստանձնած պարտավորությունները եւ վերականգնել է ուրանի բարձր աստիճանի հարստացումը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, թե Սպիտակ տունը ցանկանում է վերականգնել պայմանագիրը, սակայն Իրանը նախ պարտավոր է վերադառնալ դրա դրույթների կատարմանը: