Աֆղանստանին սահմանակից երկրների ներկայացուցիչները Թեհրանում հանդիպման ընթացքում քննարկել են պատերազմից տուժած երկրում իշխանության փոփոխությունից հետո գործողությունների համակարգումը։
Հեռու մնալ ահաբեկիչներից եւ պայքարել դրանց դեմ
Չինաստանի արտգործնախարար Վանգ Ին իր տեսաելույթում առաջարկել է օգտագործել ՄԱԿ-ը եւ Շանհայի համագործակցության կազմակերպությունը՝ «Թալիբան»-ի կառավարության հետ համագործակցելու համար: Չինաստանի արտգործնախարարը պնդել է, որ թալիբների կառավարությունը նույնպես պետք է հեռու պահի իրեն ահաբեկչական կազմակերպություններից եւ մասնակցի դրանց դեմ պայքարին։
Ներառական կառավարության հրամայականը
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ թալիբների կառավարությունը պատասխանատու է հարեւան պետությունների հետ իր սահմանների երկայնքով անվտանգության ապահովման համար: Աբդոլահիանը կոչ է արել Աֆղանստանում ունենալու ներառական կառավարություն։
Պատրաստ չէ ճանաչելու
Տաջիկստանի արտգործնախարար Սիրոժիդին Մուխրիդինն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ չէ ճանաչելու «ուժով իշխանության եկած» Աֆղանստանի կառավարությունը։ Մուխրիդինը նաեւ մտահոգություն է հայտնել, որ ահաբեկիչները հավաքվում են Աֆղանստանի հյուսիսում՝ Տաջիկստանի հետ սահմանի մոտ։
Որոշումը պետք է ընդունվի ՄԱԿ-ի մակարդակով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եւս օրեր առաջ՝ հոկտեմբերի 25-ին, քննարկել են Աֆղանստանում տիրող իրավիճակը: Վլադիմիր Պուտինն անդրադարձել է թալիբների հետ վերջերս «մոսկովյան ձեւաչափով»՝ Ռուսաստանի, Չինաստանի, Պակիստանի, Իրանի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցություններին։
Բորիս Ջոնսոնը մտահոգություն է հայտնել «Թալիբանի» հնարավոր ճանաչման կապակցությամբ: Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել է, որ ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից «Թալիբանին» հանելու մասին որոշումը պետք է ընդունվի ՄԱԿ-ի մակարդակով, եւ դրա համար թալիբները պետք է հարաբերություններ հաստատեն բոլոր էթնիկ եւ կրոնական խմբերի, բոլոր քաղաքական, հասարակական կազմակերպությունների հետ:
20-ամյա ներգրավվածությունն ուսումնասիրելու առաջարկ
Միացյալ Նահանգների դեմոկրատ սենատոր, իրաքյան պատերազմի վետերան Թամի Դաքուորթն անկուսակցական հանձնաժողով ստեղծելու առաջարկ է արել՝ Աֆղանստանի պատերազմի բոլոր կողմերն ուսումնասիրելու նպատակով։
Ըստ կին սենատորի՝ Աֆղանստանում ԱՄՆ 20-ամյա ներգրավվածությունն ուսումնասիրելու նպատակն այն է, որ Միացյալ Նահանգները տեսնի իր սխալները եւ հասկանա՝ ինչպես 20 տարի եւ տրիլիոն դոլարներ ծախսելուց հետո երկիրը մեկ շաբաթում փլուզվեց ամերիկյան ուժերի հեռանալուց հետո։