«Նոր՝ «Good Information Inc» կորպորացիան, որը գործելու է ի շահ հանրության եւ աջակցություն է ստացել միլիարդատերեր Ռեյդ Հոֆմանի (Reid Hoffman), Ջորջ Սորոսի (George Soros) եւ այլոց կողմից, օրերս հիմք դրեց մի կազմակերպության, որը ֆինանսավորելու է նոր մեդիաընկերությունների՝ ապատեղեկատվության դեմ գործունեությունը»,- «AXIOS» ամերիկյան կայքում գրում է Սառա Ֆիշերը։
Նպատակն է ֆինանսավորել եւ խթանել այնպիսի գործողություններ, որոնք տարածում են բացառապես փաստերի վրա հիմնված տեղեկատվություն: Իր առաքելության շրջանակում նախատեսում է ներդրումներ կատարել տեղական լրատվական ընկերություններում:
Խումբը ղեկավարելու է Տարա ՄքԳովանը (Tara McGowan)՝ ժողովրդավարության ստրատեգ, որը նախկինում ղեկավարում էր առաջադեմ գաղափարներով հայտնի, շահույթ չհետապնդող «ACRONYM» կազմակերպությունը: «ACRONYM»-ը ներդրումներ է կատարել ընկերություններում, որոնք առաջադիմական նպատակների համար առաջարկել են լրատվական եւ տեխնոլոգիական լուծումներ:
«Մենք բացահայտում ենք մեր ներդրողներին, քանի որ կարծում ենք, որ հատկապես հիմա՝ անվստահության այս միջավայրում, կարեւոր է այդ թափանցիկությունը»,- ասել է ՄքԳովանը:
Ընկերության խորհրդատվական կոմիտեն բաղկացած է շուրջ երկու տասնյակ քաղաքական, մեդիա եւ տեխնոլոգիական փորձագետներից։ Նրանց թվում են Սպիտակ տան հաղորդակցության գծով նախկին տնօրեն Դան Պֆեյֆերը, «Քաղաքացիական ահազանգ»-ի հիմնադիր Էլիա Փարիսերը, «Ստուգեք ձեր գովազդ»-ի համահիմնադիր Նանդինի Ջամմին, «Chicago Tribune» եւ «Chicago Sun-Times»-ի նախկին խմբագիր Մարկ Ջեյքոբը, «Հաշվետու տեխնոլոգիաներ»-ի համահիմնադիր Նիկոլ Գիլը եւ այլք:
Պատրաստեց Կարինե Դավոյանը