ՀՀ Կառավարության որոշմամբ «Կոշ» եւ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների գործունեությունը կդադարեցվի: Կառավարությունն այսօր հավանություն է տվել արդարադատության նախարարության՝ երկու ՔԿՀ-ների փակման նախագծին։
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդգծել է, որ հիմնարկների փակմամբ 2022-ին կխնայվի 1 միլիարդ 200 միլիոն դրամ։
Անդրեասյանը նշել է, որ գործող 12 ՔԿՀ-ից կմնա 10-ը, որոնց պայմանները, կառավարումը լավացնելով հնարավոր կլինի հետագայում ավելի օպտիմալացնել համակարգը եւ լուծել մարդու իրավունքների խնդիրները։
Նա շեշտել է, որ գրեթե բոլոր քրեակատարողական հիմնարկները կիսով չափ դատարկ են։ Ազատազրկվածների պահման համար նախատեսված ընդհանուր 5346 տեղից զբաղված է միայն 2113-ը։
Կկրճատվի նաեւ 280 հաստիք, 70 աշխատող կտեղափոխվի այլ ՔԿՀ-ներ՝ աշխատանքի, 50-ը՝ պրոբացիայի ծառայություն, մյուսները կլինեն կադրերի ռեզերվում։ Նախարարը նշել է, որ կազատվեն այն աշխատակիցներից, որոնց վարքը դժգոհության տեղիք է տվել, ինչի հաշվին մյուսների աշխատավարձը կավելանա։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Կոշ» քրեակատարողական հիմնարկը նախատեսված է 640 անձի համար։ Ներկա դրությամբ այնտեղ պահվում է շուրջ 66 մարդ։ Իսկ «Հրազդան» ՔԿՀ-ն նախատեսված է 215 անձի համար, եւ ներկա դրությամբ պահվում է շուրջ 157 անձ։