Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգը, խոսելով Հայաստանում չինական երկու տեսակի պատվաստանյութերի՝ «Սինովակ»/«ԿորոնաՎակի» եւ «Սինոֆարմի» պահանջարկի մասին, հայտարարել է, որ Չինաստանի կառավարությունը անհրաժեշտության դեպքում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի նոր խմբաքանակ կնվիրաբերի Հայաստանին:
Դեսպանը հիշեցրել է, որ այս տարվա մայիսին Չինաստանի կառավարությունն արդեն որպես աջակցություն հայ ժողովրդին նվիրաբերել է պատվաստանյութեր, որոնք մեծ ազդեցություն են ունեցել եւ մեծապես օգնել են համավարակի դեմ պայքարում: Իսկ դրանից հետո Հայաստանը նաեւ գնել է Չինաստանից «Սինոֆարմ» պատվաստանյութեր՝ Հայաստանի եւ Չինաստանի կառավարությունների պայմանավորվածության համաձայն:
«Եթե անհրաժեշտություն լինի, չին ժողովուրդը, բնականաբար, պատրաստակամ է աջակցելու հայ ժողովրդին ցանկացած հարցում: Կարծում եմ, անհրաժեշտության դեպքում երկու երկրների կառավարությունների միջեւ ձեռք կբերվեն համապատասխան համաձայնություններ, որի արդյունքում, եթե կարիք լինի, պատվաստանյութերը կարող են տրամադրվել նվիրատվության տեսքով»,- ասել է Չինաստանի դեսպանը:
Ըստ ՀՀ ԱՆ հաղորդագրության՝ մայիսի սկզբին Չինաստանից Հայաստան է ներկրվել ՔՈՎԻԴ-19-ի դեմ «ԿորոնաՎակ» պատվաստանյութի 100 հազար դեղաչափ` 50 հազար անձի համար: