Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն «CNN Turk» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիան խորհրդակցում է Ադրբեջանի հետ։
Չավուշօղլուն նշել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ֆիզուլի (Վարանդա) վերջին այցի ընթացքում ադրբեջանցի պաշտոնակցի՝ Ջեյհուն Բայրամովի եւ մյուս գործընկերների հետ քննարկել են տարածաշրջանային կայունությանն ու համագործակցության ապահովմանն ուղղված համատեղ քայլերը:
«Պատերազմը ավարտվել է, եւ հիմա, Ադրբեջանի առաջարկի համաձայն, կողմերի միջեւ խաղաղության պայմանագիր պետք է ստորագրվի: Սակայն Հայաստանից այս հարցում դրական պատասխան դեռ չի հնչել»,- ընդգծել է Մեւլութ Չավուշօղլուն։
Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարն ասել է, թե պատրաստ են հարցը քննարկելու նաեւ եռակողմ՝ Անկարա-Բաքու-Երեւան ձեւաչափով:
Չավուշօղլուն հայտարարել է, թե Հայաստանին վերաբերող բոլոր որոշումները կընդունվեն բացառապես Բաքվի հետ գործակցությամբ: «Բոլորը պետք է ընդունեն, եւ Հայաստանում դա արդեն ընդունում են, որ այն որոշումները, որոնք մենք կընդունենք, այն քայլերը, որոնք մենք կձեռնարկենք, կանենք Ադրբեջանի հետ համատեղ»։
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը եւս Ադրբեջանի նախագահի հետ Զանգելանում համատեղ ասուլիսի ժամանակ ընդգծել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը շաղկապված է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խնդիրների լուծման հետ: Նա հայտարարել է, թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Անկարայի դիրքորոշումն անփոփոխ է՝ Երեւանը պետք է քաղաքական կամք ցուցաբերի եւ լուծի խնդիրներն Ադրբեջանի հետ: Էրդողանը կարեւորել է պետական սահմանների հստակեցումն ու փոխադարձ ճանաչումը:
«Եթե Հայաստանը անկեղծ կամք ցուցաբերի Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման համար որևէ խոչընդոտ չի մնա»:
ՀՀ Կառավարության առաջիկա հինգ տարիների ծրագրում ամրագրված է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար ջանքեր գործադրելու պատրաստակամության մասին կետը, ինչը, ըստ փաստաթղթի, համապատասխանում է տարածաշրջանում կայունության, անվտանգության եւ տնտեսական զարգացման շահերին:
Փաստաթղթում ընդգծվում է, որ կողմերը պետք է աշխատեն միասին՝ առաջ շարժվելով առանց նախապայմանների փոխվստահության մթնոլորտ ստեղծելու եւ նորմալ հարաբերությունների փուլային կարգավորման համար: