Մոսկվան արձագանքել է ուկրաինական բանակի կողմից Դոնբասում առաջին անգամ թուրքական հարվածային «Բայրաքթարի» կիրառման մասին Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությանը։
Սկզբունքորեն մտածելու տեղիք է տալիս
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե բոլոր միջոցներով ստուգում են Ուկրաինայի կողմից «Բայրաքթար» կիրառելու տեղեկությունը, այդ նպատակով շփումների մեջ են նաեւ Դոնեցկի ներկայացուցիչների հետ: Նա պնդել է, թե դժվար է հասկանալ՝ ինչն է ճիշտ, ինչը՝ հորինված։ Լավրովը շեշտել է, թե «Բայրաքթար» կիրառելու մասին ուկրաինական կողմի հայտարարությունները, դատելով ամեն ինչից, կապված են Ստարոմարինկա գյուղի իրավիճակի հետ, որտեղ ուկրաինական կողմը սադրանքի է դիմել, բայց դիմադրության հանդիպել։
Լավրովը նշել է, որ «Բայրաքթար» կիրառելու մասին այս պատմությունը սկզբունքորեն պետք է մտածելու տեղիք տա բոլոր նրանց, ովքեր անձնատուր են լինում ՆԱՏՕ ընդունվելու վերաբերյալ Ուկրաինայի քմահաճ պահանջներին եւ իհարկե նաեւ նրանց, ովքեր զինում են «նեոնացիստների կողմից վերահսկվող Կիեւի ռեժիմը»։
Կրեմլի մտահոգությունները հաստատվում են
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով միջադեպը, նշել է, որ «Բայրաքթար»-ները Ուկրաինան ստացել է Թուրքիայից։
«Մենք իսկապես առանձնահատուկ լավ հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ, բայց տվյալ դեպքում, ցավոք, հաստատվում են մեր մտահոգությունները, որ ուկրաինացի զինվորականներին նման տեսակի սպառազինությունների մատակարարումը կարող է հանգեցնել իրավիճակի ապակայունացմանը շփման գծում»,- ընդգծել է Պեսկովը։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակը շեշտել է, որ «երբ այդպիսի սպառազինություններն ընկնում են զինվորականների ձեռքը, նրանք տեսականորեն կարող են կիրառել դրանք Ուկրաինայի այդ շրջանում։ Իսկ դա միայն կհանգեցնի ապակայունացման, դա չի նպաստում ներուկրաինական խնդիրների կարգավորմանը»։
Դրոններ օգտագործում են բոլոր կողմերը
Գերմանիայի ԱԳՆ-ն Ուկրաինայի արեւելքի հակամարտ կողմերին կոչ է արել թուլացնելու լարվածությունը։
Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Անդրեա Զասսեն հայտնել է, թե Գերմանիային անհանգստացնում է Ուկրաինայի արեւելքում մարտական գործողությունների ուժգնացումը եւ Ուկրաինայի գլխավոր շտաբի հաղորդագրությունը «Բայրաքթար» դրոն կիրառելու մասին՝ ի պատասխան հրետանային ռմբակոծությունների, որոնց հետեւանքով ուկրաինացի զինվորական է զոհվել։
Գերմանիայի արտգործնախարարության ներկայացուցիչը նշել է, որ դրոնների օգտագործումը Ուկրաինայի արեւելքում թույլատրված է միայն ԵԱՀԿ մոնիթորինգային հատուկ առաքելությանը, բայց դրոններ օգտագործում են բոլոր կողմերը։
Ճշգրիտ հարված է հասցվել
Դոնեցկի ուժային կառույցներից ռուսական «Ինտերֆաքսին» ասել են, որ «Բայրաքթարը» հարվածել է Գրանիտնոյե ավանի մոտ տեղակայված հրետանային մարտկոցին, ճշգրիտ հարված է հասցվել, զոհեր կամ տուժածներ չկան։
Ուկրաինայի արեւելքում իրավիճակը սրվել է երեկվանից։ «Արեւելք» խմբավորման օպերատիվ հրամանատարությունը հաղորդել է, որ «ռուսամետ անջատականների» կրակոցներից ուկրաինացի մեկ զինվորական է զոհվել, եւս մեկը վիրավորվել է։
Ստարոմարինկա գյուղը գրավելը ստատուս-քվոյի խախտում է
Դոնեցկն իր հերթին հաղորդում է, որ նախօրեին ուկրաինական կողմը բոլոր ուղղություններով ամբողջ օրվա ընթացքում գնդակոծել է տարբեր տրամաչափերի զինատեսակներից։
Դոնեցկցիների առաջնորդ Դենիս Պուշիլինն այսօր հայտնել է, որ ուկրաինական զորքերին հաջողվել է գրավել շփման գծում ընկած Ստարոմարինկա գյուղը։ Նա հայտարարել է, թե դա ստատուս-քվոյի խախտում է։