ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Անդրկովկասում տրանսպորտային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման բանակցությունների ամենաօպտիմալ ձեւաչափը եռակողմ աշխատանքային խումբն է՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ։
Զախարովան ընդգծել է, որ անհրաժեշտ է հավատարիմ մնալ այն հայտարարություններին, որոնք նպաստում են եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը Երեւանի եւ Բաքվի միջեւ՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ տարաձայնությունների վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշման մասին հարցին ի պատասխան։
ՌԴ ԱԳՆ խոսնակը շեշտել է, որ արդեն ութ նիստ է կայացել փոխվարչապետների եռակողմ ձեւաչափով, եւ բոլոր կողմերը բարձր են գնահատել աշխատանքային խմբի գործունեությունը:
«Ընդհանուր առմամբ, արդեն եղել են բազմաթիվ մեկնաբանություններ, որոնք արվել են անմիջապես նիստերի արդյունքներով: Ուստի կարող եք այդ խմբի աշխատանքի մանրամասներին անձամբ ծանոթանալ։ Մենք ճիշտ ենք համարում հետեւել հայտարարություններին եւ քայլերին, որոնք նպաստում են Անդրկովկասում տնտեսական եւ տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակման եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը»,- ընդգծել է Մարիա Զախարովան: