ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ առողջապահության նախարարի հրամանով փոփոխություն է կատարվել «Մոդեռնա» պատվաստանյութի կիրառման ուղեցույցում։ Սահմանվել է, որ «Մոդեռնա» պատվաստանյութով կարող են պատվաստվել երեխաները՝ 12 տարեկանից սկսած։ Երեխաները կարող են պատվաստվել ըստ դիմելիության՝ ծնողների կամ այլ օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ։
Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի իմունոկանխարգելման բաժնի մանկաբույժ Պիրիջիտա Սիմոնյանը նշել է, որ «Մոդեռնան» Եվրամիության երկրներում արդեն կիրառվել է 12-ից բարձր տարիքի անձանց շրջանում։ Փոփոխությունը պայմանավորված է նաեւ նրանով, որ այս ընթացքում նաեւ ծնողներ են դիմել՝ հետաքրքրվելով, թե արդյոք կարող են երեխաները պատվաստվել։ «Քանի որ այս հիվանդության տարածողն ավելի շատ երեխաները, դեռահասներն են, շատ ցանկալի կլինի, որ նրանք էլ պատվաստված լինեն եւ փոխանցող չլինեն»,- նշել է Սիմոնյանը։