Գյումրու Սավոյան փողոցի քարապատ, կոկիկ ու մաքուր տնակներից մեկում Խաչատրյանների բազմանդամ՝ տասնհինգ հոգանոց ընտանիքն է ապրում։
Տասներեք երեխաների մայրը՝ 39-ամյա Լիլիթ Խաչատրյանը, թաղամասի «չեմպիոն» մայրիկն է։ Մրցակցությունն, ինչ խոսք, դժվար է. հարեւանությամբ ապրում են ինը, տասը եւ տասնմեկ երեխա ունեցող մայրիկներ։
Շուշան, Սամվել, Հեղինե, Զավեն, Հովսեփ, Հակոբ, Ռոզա, Օլյա, Դանիել, Դավիթ, Մարինե, Մարիամ եւ Միսակ․ ապրում են չորս սենյականոց տնակում, որտեղ վաղուց արդեն խոհանոցը ծառայում է որպես ննջասենյակ։
Տիկին Լիլիթը մեծացել է փոքր ընտանիքում՝ առանց քույր-եղբայր։ Մանկուց երազել է մեծ ընտանիքի մասին։ Ամուսնացել է 17 տարեկանում։ Վստահեցնում է՝ սա է իր երազած ընտանիքը։ Երջանկության բանաձեւը փնտրողներին հրավիրում է իր տուն, ասում է՝ երեխաների ուրախ ծիծաղն ու անհոգ մանկությունը տեսնեն ու հասկանան, թե որն է կյանքի իրական իմաստը։
Լիլիթը հպարտորեն ցուցադրում է երեխաների արած փայտե քանդակները, պատերը զարդարող ձեռքի աշխատանքները։
Տան հայրը՝ Եղիշեն, արհեստավոր է, թաղամասում ասում են՝ ոսկի ձեռքեր ունի։ Երբ չի հաջողվում քաղաքում արհեստով բավարար գումար աշխատել, երբեմն արտագնա աշխատանքի է մեկնում, որ ընտանիքը հացի խնդիր չունենա։
Խաչատրյանների առաջնեկը՝ 21-ամյա Շուշանը, նկարչուհի է։ Առաջին տղան՝ 20-ամյա Սամվելը, մանկուց հաշմանդամություն ունի, երեխան ծնվել է դաունի համախտանիշով։
Ընտանիքի անդամներն ասում են, որ տան ամենաուրախ եւ հոգատար անդամը Սամվելն է։
«Սկզբում մի պահ անտանելի էր թվում, բայց ընտանիքով հաղթահարեցինք դժվարությունը, փորձությունն Աստված տալիս է ուժեղներին,- պատմում է տիկին Լիլիթը,- տղաս հիմա միայն խոսքի խնդիր ունի, միտքն ու հասկացողությունը շատ պայծառ են»։
Սամվելին դժվարությունները հաղթահարելու ճանապարհին օգնել է նաեւ Գյումրիում գործող «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքի կենտրոնը։
«Սամվելն ուշադիր է փոքր քույր-եղբայրներին, անգամ օգնում է տնային գործերում, ուտելուց հետո երբեմն ամաններն է հավաքում»,- պատմում են ավագ քույրերը։
Ընտանիքում երաժիշտներ էլ կան։ Հեղինեն Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ուսանողուհի է։ Մինչ այդ երաժշտական ուսումնարանն ավարտել է կարմիր դիպլոմով։
Զավենն ապագա ատամնաբույժ է, բժշկական քոլեջի երկրորդ կուրսում է սովորում։
Հովսեփն արհեստագործի ուղին է ընտրել, ուսումնարանի էլելտրական սարքերի վերանորոգման բաժնում է սովորում։
Երեխաներից հինգը դպրոցական են, երեքը՝ մանկահասակ։
Տարիներ առաջ, երբ ընտանիքը դեռ ինը երեխա ուներ, պետության տրամադրած բնակարանի գնման վկայագրով երկու սենյականոց բնակարան են գնել։ Գերդաստանի մի մասը տեղափոխվել է նոր բնակարան, պետությունն էլ իր պարտավորությունը ընտանիքի հանդեպ համարել է ավարտված։
Հոկտեմբերի 27-ին «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության նախագահ, նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պաշտոնապես դիմել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, առաջարկել պարգեւատրել Լիլիթ Խաչատրյանին «Ծնողական փառքի մեդալով»։
«Անասելի հուզվեցի այս ընտանիքի հետ ծանոթանալիս։ Երբ ընտանիքը բազմազավակ է լինում, երբեմն ծնողները չեն հասցնում երեխաների լիակատար դաստիարակությամբ ու պատշաճ խնամքով զբաղվել։ Խաչատրյանների դեպքում այլ պատկեր տեսանք․ այսպիսի դաստիարակությունը, կրթության վերաբերյալ այսպիսի մոտեցումը բացարձակապես հարգանքի է արժանի։ Պետությունը պետք է վերանայի մեդալները ճիշտ հասցեատիրոջը հասցնելու քաղաքականությունը»,- նշեց տիկին Զոհրաբյանը։
«Պետական ուշադրության ու մեդալի սպասում չունեմ,- համեստորեն ժպտում է Լիլիթ Խաչատրյանը,- ես ինձ համար երեխաներ եմ ունեցել, մեծացրել, իմ մեդալներն իմ երեխաներն են»։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։