Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետները եւ «Մերսի» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները մարդասիրական օգնություն են ցուցաբերել Գիշի գյուղի բազմազավակ ընտանիքներին եւ վերաբնակվածներին։
ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ խաղաղապահները մարդասիրական ակցիա են անցկացրել Մարտունու շրջանի Գիշի գյուղի միջնակարգ դպրոցում եւ մանկապարտեզում։ Բնակիչներին հանձնել են ավելի քան 2 տոննա մարդասիրական բեռ՝ դպրոցական հավաքածուների, մանկական եւ մեծահասակների կոշիկների, հագուստի տեսքով:
Բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ Բադալ Պարյանը հայտնել է, որ Գիշի գյուղի դպրոցում սովորող 150 երեխայի կոշիկ եւ հագուստ են հանձնել, մինչեւ 4-րդ դասարանի երեխաներին՝ նաեւ ուսապարկեր, դպրոցական պարագաներ։ Գյուղի բնակիչներին եւս տրամադրել են կոշիկ եւ հագուստ, իսկ մանկապարտեզի երեխաներին՝ խաղալիքներ, նկարչական պարագաներ, ինչպես նաեւ դպրոցական նախապատրաստական պարագաներ։
Մարդասիրական ակցիայի շրջանակում աջակցություն է ցուցաբերվել Գիշի գյուղի 950 կարիքավոր բնակիչների։