Թբիլիսիում GI-4 ինքնաձիգ հրացաններ արտադրող վրաց-իսրայելական համատեղ գործարան է բացվել։ Ըստ «Սպուտնիկ Վրաստանի»՝ ձեռնարկությունը ստեղծվել է «Դելտա» պետական ռազմական գիտատեխնիկական կենտրոնի հիման վրա։
«Մենք ամերիկյան հաստոցներ ենք բերել, բարձր մակարդակի նորագույն տեխնոլոգիա է, եւ հրազենի բոլոր դետալներն այստեղ են պատրաստվում։ Ձեռնարկությունը պաշտոնապես բացվել է, կսկսենք M4 տեսակի GI-4-երի արտադրությունը, ինչը շատ կարեւոր է։ Շնորհավորում եմ «Դելտա»-ին եւ ամբողջ պաշտպանության նախարարությանն այս կարեւոր ձեռնարկության առնչությամբ»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հոկտեմբերի 28-ին գործարան այցի ժամանակ։
ՆԱՏՕ–ի չափանիշներով արտադրված հրացանները կփոխանցվեն Վրաստանի պաշտպանական ուժերին։
GI-4 ինքնաձիգ հրազենի տեխնոլոգիական ամբողջ գործընթացն իրականացվելու է տեղում։ Ապագայում նախատեսվում է ընդլայնել գործարանի ֆունկցիոնալ ծանրաբեռնվածությունը` նպատակ ունենալով արտադրել տարատեսակ հրազեն եւ աքսեսուարներ։ Արտադրանքը ծրագրվում է նաեւ արտահանել։