ԵԽԽՎ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) համազեկուցողները նոյեմբերի 3-5-ը կայցելեն Հայաստան:
Հայաստանի պարտավորությունների եւ հանձնառությունների դիտարկման գծով ԵԽԽՎ համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) եւ Բորիանա Օբերգը (Շվեդիա) այցի ընթացքում կծանոթանան Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին:
Համազեկուցողները կհանդիպեն Հայաստանի ղեկավարության, խորհրդարանական հանձնաժողովների ներկայացուցիչների, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների, Հայաստանի օրենսդիր մարմնում ներկայացված քաղաքական ուժերի առաջնորդների հետ։
Հանդիպումներ են նախատեսված նաեւ դիվանագետների, դատական մարմինների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Կքննարկվեն ընտրական համակարգի բարեփոխման, սահմանադրական ինստիտուտների փոխհարաբերությունների, դատական իշխանության անկախության, լրատվամիջոցների աշխատանքի, ինչպես նաեւ Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վրա ղարաբաղյան հակամարտությանն ու պատերազմի հետեւանքների ազդեցությանն առնչվող հարցեր։