«Ալիք Մեդիա»-ի տեղեկություններով պոլսահայ մտավորական, լրագրող, Կարո Փայլանի խորհրդական Սեւան Դեյրմենջյանն առաջիկայում Ստամբուլից Երուսաղեմ է տեղափոխվելու՝ ստանձնելու Սրբոց թարգմանչաց պատմական վարժարանի հայերենի, գրականության եւ պատմության ուսուցչի գործը:
Սեւան Դեյրմենջյանն ավարտել է Երեւանի պետական համալսարանը, աշխատել Ստամբուլի «Ժամանակ», այնուհետեւ՝ «Ակոս» թերթերում: «Ակոս»-ի աշխատանքին զուգահեռ Ստամբուլի հայկական դպրոցներից մեկում աշխատել է որպես ուսուցիչ, սակայն, ինչպես պոլսահայ մամուլն է ժամանակին հայտնել, սուր քննադատական հոդվածների համար նրան հեռացրել են դպրոցից: Վերջին տարիներին նա ուսուցչի գործը շարունակում էր «Հրանտ Դինք» հիմնարկում, իսկ բանասերի աշխատանքը՝ «Արաս» հրատարակչությունում, որտեղ նրա խմբագրությամբ լույս են տեսել բազմաթիվ հայերեն գրքեր:
Երուսաղեմի Սրբոց թարգմանչաց վարժարանը հիմնվել է 1929 թվականին՝ Եղիշե Դուրյան պատրիարքի ջանքերով: Չնայած համայնքից արտագաղթի մեծ չափերին՝ պատրիարքարանն ամեն գնով համայնքի հայ աշակերտների համար պահում է Երուսաղեմի հինավուրց այս դպրոցը: Մանկապարտեզում եւ նախակրթարանում բոլոր առարկաների ուսուցումը հայերենով է, միջնակարգում հայոց լեզուն (գրաբար եւ աշխարհաբար), հայ գրականությունը, հայ մատենագրությունը, հայոց պատմությունը, կրոնագիտությունը, հայ արվեստի պատմությունը՝ հայերեն, իսկ մյուս առարկաները անգլերեն են։ Վարժարանում դասավանդվում են նաեւ անգլերեն, արաբերեն եւ եբրայերեն: