«Ատլանտյան խորհուրդ» ամերիկյան վերլուծական կենտրոնի անդամները այցելել են Հայաստան։ Նախքան Հայաստան ժամանելը կենտրոնի անդամները եղել են Ադրբեջանում եւ Վրաստանում:
Տարածաշրջանային այցի նպատակն է ուսումնասիրել իրադրությունը հարավկովկասյան երեք հանրապետություններում, ժողովրդավարության ու ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը, ինչպես նաեւ հասկանալ տարածաշրջանային իրողությունների պատճառներն ու հնարավոր զարգացումները:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Ատլանտյան խորհրդի» անդամների հետ խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության, 44-օրյա պատերազմի, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ այլ հարցերի մասին։
ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Արմեն Սարգսյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է Արցախի հարցի էությունը, խոսել 44-օրյա պատերազմի եւ դրա հետեւանքով առաջացած մարդասիրական խնդիրների մասին։ Նա նաեւ արձանագրել է, որ Ադրբեջանը մինչեւ օրս չի վերադարձնում հայ ռազմագերիներին։
1961-ին հիմնադրված «Ատլանտյան խորհուրդը» միջազգային հարաբերություններում մասնագիտացված վերլուծական կենտրոն է։ Հիմնադրման օրից ի վեր խորհուրդն իրականացնում է տարատեսակ ծրագրեր, որոնց նպատակն է քննարկել եւ ուսումնասիրել միջազգային քաղաքական, տնտեսական ու անվտանգային խնդիրները: