Հայաստանը դիմադրում է միջանցքի գաղափարին, բայց այդ դիմադրությունը զուտ ներքին սպառման համար է։ Հայաստանն Ադրբեջանին տալու է այդ միջանցքը։ Ադրբեջանը գիտի, որ մեր դիմադրությունը տերմինաբանական է։
Բնականաբար Մեղրիի եզրով անցնող Զանգելան-Օրդուբադ ճանապարհը մենք չենք վերահսկելու, բնականաբար ադրբեջանցիներն իրենց անվտանգ չեն զգա այդ ճանապարհին, բնականաբար այդ ճանապարհն ամբողջությամբ նույնական է լինելու Լաչինով անցնող ճանապարհին։ Այսինքն՝ ի վերջո որոշվելու է, որ ճանապարհի հսկողությունն իրականացնելու են ռուսները։
Հայաստանում ոչ մեկը չի ալարում ասել, որ դա միջանցք չի լինելու, նկատի ունեն, որ Ադրբեջանն այդ ճանապարհի վրա իշխանություն չի ունենա։ Իհարկե, չի ունենա, բայց Հայաստանն էլ այդ ճանապարհի հանդեպ չի կարողանա իր քմահաճույքները բանեցնել, որովհետեւ քմահաճույքների վերջին խոսքը ռուսներինն է։ Այլ խոսքով՝ կողմերը բանակցում են խելքին մոտ երկու ճանապարհների՝ Լաչինի եւ Մեղրիի բալանսավորման ուղղությամբ։ Հայերն ասում են, որ ադրբեջանցիների հետ բանակցում են այդ ճանապարհին մաքսակետ դնելու ուղղությամբ, ինչպիսին, ասենք, Հայաստան-Վրաստան կամ Հայաստան-Իրան սահմանին գործող մաքսակետերն են։ Բայց այստեղ էլ հայերը խաղալու տեղ չունեն։ Որովհետեւ հակառակ պարագայում մաքսակետ կհայտնվի նաեւ Լաչինի ճանապարհին։
Բանակցությունների մյուս թեման Նախիջեւանով Մեղրի կամ Զանգելանով Մեղրի ընթացող տրանսպորտային միջոցները ստուգելու հնարավորությունն է։ Մարդ ես, մեկ էլ տեսար Ադրբեջանը որոշեց թմրամիջոց կամ զենք տեղափոխել։ Ադրբեջանին հաստատ այդ ճանապարհը մարդատար երթեւեկության համար պետք չէ, ինքը լուրջ նպատակներ ունի Մեղրիի ճանապարհի վերաբերյալ։
Կպնդի՞ Հայաստանը ադրբեջանական բեռները ստուգելու իր իրավունքը, շատ լավ։ Ադրբեջանն իսկական դժոխք կդարձնի Լաչինի ճանապարհը հայերի համար՝ ներառյալ Գորիս-Կապան ճանապարհը։ Հիմնավորումներ միշտ կգտնվեն, չեն գտնվի, այդ հիմնավորումները կգցեն մեքենաների «գրպանը»։ Հայաստանը միջանցքի մասով խաղալու տեղ չունի։
Ի՞նչ մնաց։ Մնաց ներսի հասարակությանը ճանապարհների բացումով կերակրելու գաղափարը։ Ադրբեջանցիները պնդելու են, որ իրենք ստացան իրենց ուզած միջանցքը, հայերն ասելու են, որ հասան նրան, որ ադրբեջանցիներին միջանցք չտվեցին։ Զուտ հիմնավորումների հարց է։ Օրինակ՝ Փաշինյանը մեզ ինչպե՞ս է կերցնում նոյեմբերի 9-ի խայտառակ համաձայնագիրը, ասում է, որ դրանով փրկեց 25 հազար մարդու կյանք։ Եթե նույնիսկ ճիշտ է ասում, դա կապիտուլյացիայի վերափաթեթավորումն է։ Իհարկե, մարդիկ փրկվեցին։ Բայց կապիտուլյացիայով էլ են փրկվում, չէ՞։
Այնպես որ վերջին մեկ տարում Հայաստան-Ադրբեջան բանակցություններում հիմնական կռիվը տերմինաբանական է՝ կապիտուլյացիա՞, թե՞ փրկություն, միջա՞նցք, թե՞ ճանապարհ։ Բոլոր չորսն էլ իրականության մեջ նույն իմաստն ունեն՝ կապիտուլյացիան փրկություն է, կամ փրկությունը կապիտուլյացիան է, ինչպես նաեւ ճանապարհը միջանցք է, կամ միջանցքը ճանապարհ է։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: