Միջազգային ֆիլմաշխարհն անհամբեր սպասում է բրիտանացի ռեժիսոր, դերասան եւ պրոդյուսեր Ռիդլի Սքոթի նկարահանած գեղարվեստական ֆիլմի պրեմիերային, որ նախատեսված է նոյեմբերի 24-ին։
Լեգենդար ռեժիսորի նկարահանած «Գուչիի տունը» ֆիլմը պատմում է «Գուչի» նորաձեւության տան հիմնադիր Գուչիո Գուչիի թոռան՝ երկար ժամանակ նորաձեւության տունը ղեկավարած Մաուրիցիո Գուչիի սպանության մասին, որ 1995-ին պատվիրել էր վերջինիս կինը: Ֆիլմի սցենարը գրվել է Սառա Գեյ Ֆորդենի «Գուչիի տունը․ սպանության սենսացիոն պատմություն, խելագարություն, հրապույր եւ ագահություն» (The House of Gucci: A Sensational Story of Murder, Madness, Glamour, and Greed) գրքի հիման վրա:
Ամերիկացի հայտնի երգչուհի եւ դերասանուհի Լեդի Գագան ֆիլմում կերտում է Իտալիայում «սեւ այրի» անունը ստացած Պատրիցիա Ռեջիանիի կերպարը. վերջինս կազմակերպել էր ամուսնու սպանությունը, քանի որ նա պատրաստվում էր լքելու կնոջն ու ամուսնանալու իր վաղեմի ընկերուհու հետ: Գուչիին մարմնավորում է դերասան Ադամ Դրայվերը, ֆիլմում նկարահանվել են նաեւ Ալ Պաչինոն, Ջերեմի Այրոնսը, Ջարեդ Լետոն, Սալմա Հայեկը եւ այլ աստղեր:
Ֆիլմի ցուցադրման իրավունքը ստացել է «Մետրո-Գոլդուին-Մայեր» ընկերությունը, իսկ ֆիմի տարածմամբ (distribution) զբաղվող «Յունայթեդ Արտիստս» ամերիկյան կինոընկերությունը հայտնել է, որ ֆիլմը էկրան բարձրանալուց առաջ արդեն հասցրել է հանրահայտ դառնալ, ինչի համար պարտական է ֆիլի մարքեթինգի բաժնին: «Ալիք Մեդիա»-ի տեղեկություններով մարքեթինգի բաժնի փոխնախագահը հայ է՝ հոլիվուդյան շատ նախագծերում ներգրավված իրանահայ երիտասարդ կինոգործիչ Նարբե Միրզախանյանը:
Նշվում է նաեւ, որ ֆիլմի գաղափարի իրագործումը ողջունել է Մաուրիցիո Գուչիի կինը՝ Պատրիցիա Ռեջանին, որ երկարատեւ ազատազրկումից հետո 2016-ին վաղաժամ ազատ է արձակվել՝ իտալական բանտում դրսեւորած լավ վարքի համար: 2017 թվականին նա Գուչիի կալվածքից ստացել է 900000 ֆունտ ստեռլինգի չափով ռենտա: Ամուսնու սպանությունը պատվիրած իտալական բարձրաշխարհիկ նորաձեւության լեդին հավանել է Լեդի Գագայի ընտրությունը՝ իր կերպարը մարմնավորելու համար:
Օրերս թողարկվել է նաեւ ֆիլմի թիզերը՝ Լեդի Գագայի եւ Ադամ Դրայվերի մասնակցությամբ: