Աշխարհի խոշոր տնտեսությունների առաջնորդները հոկտեմբերի 30-31-ը Հռոմում կմասնակցեն Մեծ քսանյակի՝ ՔՈՎԻԴ-19 համավարակը սկսվելուց ի վեր անցկացվելիք առաջին գագաթնաժողովին:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տիկնոջ՝ Ջիլ Բայդենի հետ այս գիշեր արդեն ժամանել է Եվրոպա։ Հռոմում նա կմասնակցի G20-ի՝ զարգացած արդյունաբերությամբ 20 երկրների գագաթնաժողովին, դաշնակիցների հետ կանցկացնի Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ:
Եվրոպա Բայդենի ուղեւորության առաջին կանգառը կդառնա Վատիկանը: Հոկտեմբերի 29-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Միացյալ Նահանգների ղեկավարին կընդունի ունկնդրության:
Հռոմում Բայդենի առանցքային հանդիպումներից մեկը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ կլինի, որը նույնպես տեղի կունենա հոկտեմբերի 29-ին: Բացի դրանից, Սպիտակ տան ղեկավարը հանդիպումներ կանցկացնի Իտալիայի նախագահ Սերջո Մատարելայի եւ վարչապետ Մարիո Դրագիի հետ:
Ամերիկացի պաշտոնյաներն ընդգծել են, որ հոկտեմբերի 30-ին Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի առաջնորդների հանդիպման գլխավոր թեման լինելու է Իրանի միջուկային ծրագիրը։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «քսանյակի» գագաթնաժողովում հանդիպում կունենա ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ․ կքննարկվի Իրանի թեման: Ավելի ուշ, հավանաբար, քննարկմանը կմիանան Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան։
«Բոլոր երկկողմ հանդիպումներում կարծարծվեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Աֆղանստանը, Սուդանը»,- ասել են Գերմանիայի նախարարների կաբինետից:
Հռոմից Գլազգո
Մեծ քսանյակի գագաթնաժողովից անմիջապես հետո հոկտեմբերի 31-ին Մեծ Բրիտանայում՝ Գլազգոյում, տեղի է ունենալու Կլիմայի փոփոխության՝ COP-26 երկշաբաթյա խորհրդաժողովը: G20-ի մասնակից երկրների ղեկավարները կմասնակցեն նաեւ Գլազգոյի համաժողովին։
Համաժողովը պետք է տեղի ունենար դեռեւս անցյալ տարի, բայց հետաձվեց ՔՈՎԻԴ-19 համավարակի պատճառով: Խորհրդաժողովի աշխատանքին մասնակցելու համար Գլազգո կժամանի շուրջ 20 հազար մարդ՝ նրանց թվում ավելի քան 120 պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ: Կքննարկվի ջերմոցային գազերի արտանետումների դեմ պայքարի նպատակով երկրների պարտավորությունների բարձրացման հարցը։
Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Մարտինա Ֆիցը հոկտեմբերի 29-ի ճեպազրույցում հայտնել է, որ Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելը կմեկնի Գլազգո՝ նոյեմբերի 1-ին Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի պարփակ կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին (COP-26) մասնակցելու համար։
«Կանցլերը կմասնակցի 26-րդ կլիմայական համաժողովին: Նա ելույթներով հանդես կգա պետությունների ղեկավարների խորհրդաժողովին եւ «Գործողություն եւ համերաշխություն․ վճռական տասնամյակ» միջոցառմանը»,- ընդգծել է Ֆիցը: Նա նշել է, որ Գերմանիայի կառավարությունը մտադիր է COP-26-ում առաջընթացի հասնել վնասակար նյութերի արտանետումների նվազեցման եւ երկրների կողմից կլիմայական նպատակների ֆինանսավորման բնագավառում:
Հանդիպում ֆրանսիական Բոնում
Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելը նոյեմբերի 3-ին կմեկնի Ֆրանսիա, որտեղ Բոն ավանում կհանդիպի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Նրանք կքննարկեն միջազգային եւ եվրոպական արդիական խնդիրներ:
«Կանցլերը նախագահի հրավերով է մեկնելու Բոն, այցը վկայում է Գերմանիայի եւ Ֆրանսիայի առանձնահատուկ սերտ համագործակցության մասին»,- ասել է Գերմանիայի կառավարության խոսնակ Մարտինա Ֆիցը: