ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ պետական սահմանով թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մաքսանենգության՝ ՀՀ ԱԱԾ եւ ՀՀ ՊԵԿ քննչական մարմինների կողմից բացահայտված դեպքերով ընթացիկ տարում կազմվել է 12 քրգործ։ Այդ գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել 24 անձ, որոնց թվում կան ինչպես ՀՀ, այնպես էլ ԻԻՀ քաղաքացիներ:
Ընդհանուր առմամբ 2021-ի ընթացքում արձանագրվել է Իրանից մաքսանենգ եղանակով թմրամիջոցների ապօրինի մեծ խմբաքանակ Հայաստան ներմուծելու, ինչպես նաեւ Հայաստանի տարածքը որպես տարանցիկ օգտագործելու 2 դեպք, որոնցից մեկով Հայաստանի տարածք է տեղափոխվել եւ բացահայտվել 351 կիլոգրամ, իսկ մյուսի դեպքում՝ 366 կիլոգրամ հերոին տեսակի թմրամիջոց։ Միայն 2021-ին ՀՀ մաքսային ծառայության կողմից հայտնաբերվել է Իրանից Հայաստան ապօրինի ներմուծված 451 կգ թմրամիջոց։
Պայքարում ներգրավվել են նաեւ Արցախի իրավապահները
Գլխավոր դատախազությունը նշում է, որ մշտապես պայքար է մղվել նաեւ Արցախի տարածքը որպես Իրանից Հայաստան թմրամիջոցների ապօրինի ներմուծման եւ փոխադրման ճանապարհ օգտագործելու դեմ:
«Սկսած 2016 թվականից՝ բացահայտվել է նման 7 դեպք, որից 3-ը հայտնաբերվել եւ դրանցով հարուցված քրեական գործերով քննություններն իրականացվել են Արցախի իրավապահ մարմինների կողմից, իսկ 4-ը՝ ՀՀ իրավասու մարմինների կողմից»,– ընդգծում են դատախազությունից եւ հավելում, որ ԻԻՀ–ից Արցախ մաքսանենգ ճանապարհով տեղափոխված եւ բացահայտված ապօրինի թմրամիջոցների ընդհանուր քանակը կազմել է շուրջ 28 կգ: Նշված 7 քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 16 անձ: Մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական գործերով 10 անձ դատապարտվել է ազատազրկման:
ժամանակակից տեխնիկական միջոցներ եւ կամք
Թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարում սերտ համագործակցում են նաեւ ՀՀ եւ ԻԻՀ գլխավոր դատախազությունները։ ԻԻՀ գլխավոր դատախազը հոկտեմբերի 12-15-ը այցելել է Հայաստան եւ քննարկվել է երկու երկրների միջեւ մաքսակետերում թմրամիջոցների հայտնաբերման նոր, ժամանակակից տեխնիկական միջոցներ ներդնելու եւ այլ հարցեր։
2020 թվականին ՀՀ եւ ԻԻՀ միջեւ պետական սահմանով թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մաքսանենգության բացահայտված դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ եւ ՀՀ ՊԵԿ քննչական մարմինների կողմից քննվել է 13 քրեական գործ, որոնցով որպես մեղադրյալ է ներգրավվել 14 անձ: Ընդհանուր առմամբ, 2017-2020 թվականներն ընկած ժամանակահատվածում էլ Իրանից Հայաստան ապօրինի ներմուծվել եւ հայտնաբերվել են 157 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր։
Իրականության հետ որեւէ աղերս չունեն
Դատախազությունն ընդգծել է՝ այս փաստերը վկայում են, որ հոկտեմբերի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հնչեցրած մեղադրանքները, թե ՀՀ-ն եւ ԻԻՀ-ն Արցախի տարածքն օգտագործել են թմրամիջոցների ապօրինի տարանցման նպատակով, իրականության հետ որեւէ աղերս չունեն։ Ավելին՝ դրանք նաեւ ուղղված են հենց Ադրբեջանի՝ իբրեւ թմրամիջոցների տարանցիկ երկիր լինելու իրողությունը թաքցնելուն:
Ադրբեջանը՝ հիմնական երկրների ցանկում
«Ադրբեջանի նախագահը նման հայտարարություններ անում է մի պարագայում, երբ ըստ ՄԱԿ-ի Թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակի կողմից հրապարակված զեկույցի՝ եթե Հայաստանն ընդգրկված է եղել 2015-2019 թվականների կոնկրետ հերոին տեսակի թմրամիջոցի ծագման եւ տարանցման ոչ հիմնական երկրների ցանկում, ապա Ադրբեջանը հիմնական երկրների ցանկում է»,- նշված է ՀՀ Գլխավոր դատախազության հայտարարության մեջ։