Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի հետ:
Իրանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհի, «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարական աշխատանքներին եւ «Պարսից ծոց-Սեւ ծով» տրանսպորտային միջանցքին առնչվող հարցեր։
Դեսպան Թումանյանը նախարարին հայտնել է, որ ավարտին են մոտենում Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհի շինաշխատանքները։ Նա ընդգծել է, որ 2022-ից Հայաստանում մեկնարկում է ճանապարհաշինարարական մեծ ծրագիր։ Արտաշես Թումանյանը կարեւորել է իրանական ընկերությունների մասնակցության հնարավորությունն այդ ծրագրին։
Նախարար Ղասեմին փոխանցել է իրանական կողմի համագործակցության պատրաստակամության մասին։ Նա նշել է, որ ապագայում եւս կշարունակվի հայ-իրանական համագործակցությունը նաեւ քաղաքաշինության հարցերում, կյանքի կկոչվեն նոր ծրագրեր։
ՀՀ Կառավարությունն ավելի վաղ հայտնել է, որ Տաթեւից մինչեւ Սյունիքի մարզի Աղվանի գյուղ 43 կիլոմետրանոց ճանապարհահատվածն ամբողջովին պատրաստ ու ասֆալտապատված կլինի մինչեւ նոյեմբերի վերջը։ Այս ճանապարհը կապելու է Սյունիքի` 44-օրյա պատերազմից հետո սահմանամերձ դարձած համայնքները Կապանին ու Մ-2` մինչեւ Իրանի սահման հասնող միջպետական ճանապարհին։ Սյունիքի այլընտրանքային ամբողջ` 79 կմ-անոց ճանապարհի կառուցումը կարժենա շուրջ 9.5 մլրդ դրամ։ Մինչեւ ձմեռ կկատարվեն գրունտային աշխատանքները, գարնանը` ձնհալից հետո, ճանապարհը կասֆալտապատվի։
Նշենք, որ Արտաշես Թումանյանը շուտով ավարտելու է իր պաշտոնավարումը, քանի որ Իրանում ՀՀ նոր դեսպան է նշանակվել Արսեն Ավագյանը։