Արցախում 2005-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Ստեփանակերտի ընդդիմադիր քաղաքապետը ԼՂ կարգավորման հարցով «կլոր սեղան» էր կազմակերպել: Հրավիրել էին, որքան էլ զարմանալի թվա, ոչ թե կամ նաեւ ԱԳ նախարարին, այլ միայն տողերիս հեղինակին, որ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ կազմակերպիչների աչքի փուշ նախագահն էի:
Ներկա էին նորաստեղծ «Ազատ հայրենիք» կուսակցության քաղաքական թեւի կարկառուն դեմքեր, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամներ, իսկ որպես գլխավոր բանախոս հանդես էր գալիս նոր-նոր Ստեփանակերտում հաստատված Հայկ Խանումյանը, որին վերագրում էին փարիզներում քաղաքագիտական կրթություն ստացած, եվրոպաներում ուժեղ կապեր ունեցող ծագող աստղի առաքելություն:
Դա Քի Ուեսթի էյֆորիային հաջորդած ֆրուստրացիայի եւ նոր սկզբունքների շուրջ քննարկումների շրջանն էր: Եվ հիմնական գեներացիան կառուցվում էր Խանումյանի տեսական մշակման վրա՝ ԼՂ հարցը պետք է կարգավորվի միայն եւ միայն «ստեփանակերտյան սկզբունքների հիման վրա»:
Ինձ նախ պատին սեղմեցին, թե զբաղեցնելով նման բարձր եւ շատ պատասխանատու պաշտոն՝ ինչո՞ւ տեղյակ չեմ բանակցությունների մանրամասնություններին: Ես նրանց մաղթեցի խորհրդարանական փայլուն մրցապայքար, պատրաստակամություն հայտնեցի տեղս զիջելու իրենցից մեկին եւ հնարավորինս աջակցելու, որ արագ ադապտացվեն իրավիճակին, իսկ մնացածը թող հարթեն իրենք՝ ինչպես են ընդգրկվում Հայաստանի նախագահի գլխավորած բանակցային թիմի կազմում եւ փոխում քննարկումների տրամաբանությունը։ Նրանք քմիծիծաղով խոստացան, որ հենց այդպես էլ կանեն:
Ի վերջո հաջողվեց մի քանի վայրկյան տեւած լռությունից օգտվել եւ Հայկ Խանումյանին հարցնել, թե որոնք են կարգավորման «ստեփանակերտյան սկզբունքները»: Ի պատասխան լսեցի՝ ազատագրված տարածքների լիակատար վերաբնակեցում, բոլոր ենթակառուցվածքների արդիականացում, բանակի վերազինում եւ արտաքին քաղաքական, տեղեկատվական, քարոզչական նախաձեռնողականություն:
Մի քանի ամիս անց «կլոր սեղանի» որոշ մասնակիցներ Ազգային ժողովի պատգամավոր դարձան: Եվ ես անձկությամբ սպասում էի, թե երբ են ԼՂ կարգավորման «ստեփանակերտյան սկզբունքները» բերելու խորհրդարան, որպեսզի, ինչպես խոստացել էին, նախագահին պարտադրեն հիմք ընդունել Ազգային ժողովի որոշումը եւ ըստ այդմ էլ վարել նախաձեռնողական արտաքին քաղաքականություն:
Հինգ տարի սպասում էի: Ապարդյուն:
2007-ին Արկադի Ղուկասյանը թողել էր նախագահի պաշտոնը, Բակո Սահակյանը խորհրդարանական երեք ուժերի միասնական առաջադրմամբ ընտրվել էր Հանրապետության առաջնորդ, օդում թեւածում էր «Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության» կարգախոսը։ Եվ բոլորին ականջահաճո էր վարչատարածքային բաժանման մասին օրենքի փոփոխությունը, որով Աղդամը վերանվանվում էր Ակնա՝ որպես Ասկերան քաղաքի թաղամաս, հարավում նոր «քաղաքներ» էին հիմնադրվում՝ Ջրական, Կովսական, Սանասար… Մի խոսքով՝ գործի էին դրվել կարգավորման «ստեփանակերտյան սկզբունքները»՝ ոչ մի թիզ չենք զիջում, հզորանում ենք, որպեսզի վաղվա օրով վերադարձնենք Շահումյանն էլ, Դաշտային Արցախի բռնազաթված մյուս տարածքներն էլ:
Նպատակը՝ հռչակել ազատ, անկախ եւ միացյալ Հայաստան՝ Կուր-արաքսյան «միջագետքից» մինչեւ Կարս, Արաքսից Գետաշեն (Գանձակի հայկական մասն էլ հետը):
2007-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի մի օր համարձակություն ունեցա Բակո Սահակյանին խնդրել, որ արտաքին քաղաքականության հարցերից խոսելիս մի այսպիսի ուղերձ հղի՝ Ստեփանակերտը պատրաստ է անցնելու հաշտության ճանապարհի իր մասը եւ ամբողջական պատասխանատվություն ստանձնելու տարածաշրջանում կայունության եւ համագործակցության հաստատման համար, եթե Ադրբեջանը հանուն խաղաղության հանդիպակաց քայլ անի:
Նախագահի միասնական թեկնածուի նախընտրական շտաբում ՀՅԴ լիազոր ներկայացուցիչը չոր կտրեց. «Դա նշանակում է հողերը հանձնել», եւ Բակո Սահակյանը մի տեսակ խղճահարություն արտահայտող ժպիտով նայեց ինձ: Իբր՝ էդ ինչե՞ր ես մոգոնում, բարեկա՛մս:
Երեկ վերստին դիտեցի Ռուբեն Մեհրաբյանի վարած քննարկման տեսագրությունը՝ ճշտելու, թե այդ ինչ է ասել Վիգեն Խաչատրյանը, որ Գեղամ Մանուկյանը նրան ուրացող եւ դավաճան է անվանում: Արտառոց ոչինչ չլսեցի: Վիգեն Խաչատրյանը տարրական ճշմարտությունն է խոսում՝ երբ մենք դնում ենք Արցախի հայաստանապատկանության նպատակ, մնում ենք մենակ:
Առավել ուշագրավ էր ծագումով արցախցի լրագրող-մեկնաբանի, հանրային գործչի դիտարկումը, թե մենք մսխել ենք Հայաստանի ինքնիշխանությունը: Բայց ենթատեքստը, թե դա մեզ պարտադրել են, հարուցում է Ռուսաստանի հանդեպ, մեղմ ասած, կասկածամտություն եւ իրականության հետ ոչ մի աղերս, կարծում եմ, չունի:
Ինքնիշխանության «հանձնումը» շատ պարզ բացատրություն ունի. 1998-ից հետո Հայաստանի իշխանությունը, քաղաքական դաշտի առաջատար նժդեհա-դաշնակցականությունը ներշնչվել եւ ներշնչել են, որ 1994-ի մայիսի 12-ի հրադադարով հաստատված ստատուս-քվոն լիովին ներգրվում է Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերին, եւ այն պահելու համար մենք պետք է լիովին ինտեգրվենք անվտանգության, տնտեսական եւ նույնիսկ քաղաքակրթական մոսկվայակենտրոն համակարգին:
Առարկություններ, նույնիսկ ընդդիմացում, իհարկե, եղել են, բայց այն իմաստով, որ ազգային իղձերի իրականացման համար Հայաստանը պարտավոր է եվրաատլանտյան աշխարհի մաս կազմել: Հայաստանի ինքնիշխանության աղբյուրը, մինչդեռ, իրական քաղաքական ռեժիմում հարեւան երկրների հետ պատմական հաշտությունն է:
Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության կուլտիվացիան մեզ համար ռոմանտիկ մի բան է, թշնամին դա հասկանում է որպես աշխարհաքաղաքական նախագիծ՝ ուղղված իր դեմ: Եվ հակադարձում «բյություն թյուրքլար՝ բիր օրդու» (բոլոր թուրքերը մի բանակ են) ձեռնարկումներով: Թուրքիայի եւ Ադրբեջանի պարագայում դա կատարված փաստ, իրողություն է: Վաղը, մյուս օրը կստեղծվի «Թուրքական բանակը»:
Խոսքը մոտ 150 միլիոն թուրքախոս ընդհանրության մասին է, որի դաշնակցությունը կհայցեն, այո՛, կհայցեն ե՛ւ Արեւմուտքը, ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ նույնիսկ համաշխարհային «վագր» Չինաստանը: Իսկ աշխարհին նայող մեր պատուհանը 44-օրյա պատերազմից հետո ավելի է նեղացել, այնքան, որ հանրային խմբեր եւ շրջանակներ կան՝ երազում են ունենալ նոր Թեհլիրյան:
Որ ի՞նչ… Իրավիճակից ելքի իրոք ստեփանակերտյան սկզբունքների ժամանակն է: Վաղն ուշ է լինելու:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։