Ըստ Ստամբուլում հրատարակվող «Ակոս» շաբաթաթերթի՝ Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչ, փաստաբան Բերք Աջարը հաղթահարել է բոլոր քննությունները եւ իրավունք ստացել դառնալու վարչական շրջանի ղեկավար (քայմաքամ)։
Քայմաքամը Թուրքիայի կառավարման համակարգում նահանգից հետո մեծությամբ երկրորդ վարչատարածքային միավորի՝ շրջանի (իլչե) ղեկավարն է, որը գործում է նահանգապետի ենթակայության տակ։
Սպասվում է, որ Բերք Աջարը առաջիկայում կստանձնի համապատասխան պաշտոնը։
Պոլսահայ փաստաբան Բերք Աջարը Թուրքիայի Հանրապետության պատմության ընթացքում առաջին հայն է, որը կզբաղեցնի նման պաշտոն։
1995-ին Ստամբուլում ծնված Բերք Աջարը կրթություն է ստացել Սահակյան-Նունյան վարժարանում եւ «Ըշըք» լիցեյում։ 2020-ին ավարտել է Ստամբուլի Բիլգի համալսարանի իրավաբանության ֆակուլտետը։