Գլենդելում գտնվող «Novin Herbs & Spices»-ի համասեփականատեր Աննա Աբելյանն իր հաճախորդներից մեկին օգնում էր ընտրելու պղպեղը:
Նա դրանք վերցնում էր համեմունքների համար նախատեսված գունավոր տարաներից, որոնք շարված էին դարակի վրա: Այնտեղ էին նաեւ հնագույն մշակույթ խորհրդանշող հնաոճ աղացը, հնդկական փղերի փայտե արձանիկները, նարգիլեն եւ հին սրճեփը:
Աբելյանի ամուսինը՝ Ահարոնը, նշում է, որ խանութը «կախարդիչ» բույր ունի. ամեն անկյունից գալիս են քաղցր, դյութիչ եւ սուր հոտեր: «Խոհարարության մեջ համեմունք օգտագործելու անսահման եղանակներ կան»,- ասում է նա:
Աբելյանները, որ համեմունքի մերօրյա վաճառականներ են, իրենց խանութը բացել են 2017 թվականին եւ ամբողջովին փոխել «Ocean View Boulevard»-ի եւ «Verdugo Road»-ի խաչմերուկի յուրահատուկ անկյունն իրենց նարնջագույն սրճարանային աթոռներով՝ խոստանալով երեւակայական ճամփորդություն դեպի հեռավոր երկիր:
Զույգը ԱՄՆ ներգաղթել էր 1998 թվականին եւ երկար տարիներ զաֆրան (քրքում, շաֆրան) էին ներկրում հայրենի Իրանից: Ժամանակի ընթացքում որոշ հաջողություններ ունենալուց հետո նրանք ընդարձակեցին ներմուծվող համեմունքի ցանկը: «Montrose Harvest» շուկայում կրպակ վարձեցին: Պահանջարկն այնքան մեծացավ, որ անհրաժեշտ էր որոշակի տեղ խանութի համար, ուր մարդիկ կարող են գալ, երբ ցանկանան:
Վաղեմի երազանքն իրականացնելու կատարյալ պահ էր՝ բացել մասնագիտացված խանութ:
«Այս տարածքում համեմունքի այլ խանութ չկա, եւ գիտեմ, որ այս մշակույթը գնալով վերանում է,- ասում է Ահարոն Աբելյանը:- Ես փորձեցի վերակենդանացնել այն, նաեւ սովորեցնել մեր հաճախորդներին ինչպես համեմունք օգտագործել»:
«Novin»-ը, որ պարսկերեն նշանակում է «նորարարություն», այժմ իր արտադրանքը ներմուծում է հիմնականում Հնդկաստանի հարավային շրջաններից, ինչպես նաեւ Ինդոնեզիայից:
Տարին մեկ անգամ նրանք մասնակցում են համաժողովի, որտեղ հանդիպում են տարբեր ընկերությունների ներկայացուցիչների, որոնք մասնագիտացած են համեմունքի արտադրության եւ մատակարարման գործում: Այդ ընկերություններից էլ զույգը խանութի համար ընտրում է անհրաժեշտ ապրանքը:
Համեմունքների արտադրությամբ զբաղվող ընկերությունները պետք է համապատասխանեն Աբելյանների խիստ պահանջներին։ Առաջին՝ համեմունքը պետք է ունենա FDA-ի (Սննդամթերքի եւ դեղերի վարչություն) վավերացումը: Հաջորդը՝ ընկերությունը պետք է համաձայնի խանութի բոլոր ընթացակարգերին:
«Ես մեծացել եմ մի երկրում, որտեղ համեմունք շատ են օգտագործում,- բացատրում է Աննա Աբելյանը:- Թեհրանում մենք գնում էինք շուկաներ, որտեղ համեմունքի բոլոր տեսակները բաց դրված էին: Մերձավորարեւելյան, պարսկական սննդում համեմունք շատ է օգտագործվում: Այժմ մենք ցանկանում ենք վերահաստատել այդ ավանդույթն այստեղ, մեր հաճախորդների համար»:
Աբելյանները հաճախորդներին սովորեցնում են նաեւ վերօգտագործել համեմունքի տարաները: «Նրանք խոհանոցից բերում են ինչ-որ տարա, մենք դրանք լցնում ենք համեմունքով, որ պլաստիկ տարա չօգտագործենք»,- ասում է Աննան՝ հավելելով, որ «Novin»-ի հաճախորդների մոտ 30%-ը հետեւում է այս պարզ եղանակին՝ այդպիսով նվազեցնելով պլաստիկ թափոնների քանակը:
Զույգի նախասիրությունները համընկնում են, երբ խոսքը վերաբերում է սիրված համեմունքին` Կաշմիրի չիլի պղպեղին, որը հիշեցնում է չիլի եւ պապրիկա միաժամանակ:
«Եթե ցանկանում եք ձեր սննդի մեջ զգալ պապրիկայի գույնն ու կծու համի սրությունը, ուրեմն սա լավագույն խառնուրդն է, որ կարող եք ունենալ: Այն հիանալի համակցվում է հավի, մսեղենի, բանջարեղենի, գրեթե ամեն ինչի հետ»,- ասում է Աննան:
Համաճարակից առաջ «Novin»-ը սկսել էր ռեստորաններին մատակարարել իրենց խոտաբույսերն ու համեմունքը, սակայն հետագա արգելափակումները ստիպեցին փակել խանութի դռներն ու կորցնել իրենց հաճախորդներին:
Սահմանափակումների ընթացքում Աննան բիզնեսը կարողացավ պահպանել իր հիմնական աշխատանքից ստացած եկամուտով. Փոքր բիզնեսի ադմինիստրացիայի տրամադրած արտակարգ իրավիճակների վարկեր, ինչպես նաեւ Գլենդելի քաղաքապետարանի դրամաշնորհներ, որոնցով փոխհատուցվեցին կորուստները:
Մինչ համաճարակը «Novin»-ը շաբաթ օրերին խոհարարության վարպետության դասեր էր անում՝ հաճախորդներին սովորեցնելով, թե ինչպես կարելի է համեմունքի տարբեր տեսակններ կիրառել ուտեստների մեջ:
«Ներկայացնում էինք բաղադրատոմսեր, թեյ էինք առաջարկում: Մարդիկ լավ ժամանակ էին անցկացնում, հետն էլ սովորում էին,- ժպտալով հիշում է Աննան:- Միգուցե մենք պետք է վերսկսենք դասերը»:
«Novin»-ի հաճախորդները երկար տարիների տնային խոհարարներ են, որոնք փնտրում են ծանոթ համեմունք, կամ երիտասարդ զույգեր, որոնք ցանկանում են նոր համեր փորձել:
Սա խթանում է խոհարարության, առողջ սննդի մշակույթի եւ ընտանեկան ավանդույթների ձեւավորումը, նոր սովորությունների հաստատումը, համոզված են Աբելյանները:
Հիլով արաբական սուրճը եւ թարմ թխած cornetti-ն «Novin»-ում ամենօրյա հյուրասիրություն է: Սուրճի ընտրությունը՝ բոլոր ժամանակների սիրված էկզոտիկ համերի համադրումով, չափազանց մեծ է։
Ահարոնն ապագայում մտադիր է ընդլայնել ձեռնարկության շրջանակը՝ առաջարկելով նոր ապրանքատեսակ՝ DIY (do it yourself, պատրաստիր ինքդ) պաղպաղակը՝ թարմ մրգերով եւ համեմունքով:
«Դա նախկինում ոչ ոք չի արել,- ասում է Ահարոնը չարաճճի ժպիտով,- անակնկալ է լինելու»:
Հոդվածն առաջին անգամ տպագրվել է 2021 թվականի հոկտեմբերի 9-ին Glendale news-press-ում:
Թարգմանությունը Կարինե Դավոյանի