«National mall»-ը տեղակայված է Միացյալ Նահանգների Վաշինգտոն մայրաքաղաքի ամենակենտրոնական հատվածում: Հսկայական տարածություն է (մոտավորապես երկու մղոն), որը ձգվում է Կապիտոլիումից մինչեւ Աբրահամ Լինքոլնի հուշահամալիր եւ Սպիտակ տնից մինչեւ Թոմաս Ջեֆերսոնի հուշահամալիր:
Այստեղ, ինչպես ամերիկացիներն են ասում, բաբախում է Ամերիկայի սիրտը:
«National mall–ում են գտնվում երկրի սիմվոլները դարձած պետական այրերի՝ Ջորջ Վաշինգտոնի, Աբրահամ Լինքոլնի, Ֆրանկլին Ռուզվելտի, Թոմաս Ջեֆերսոնի, Մարտին Լյութեր Քինգի, ինչպես նաեւ ԱՄՆ պետության պատմության ուշարժան իրադարձություններին նվիրված հուշահամալիրները, քանդակները, արձանները:
Ամենուր որմնագրված են վերոնշյալ գործիչների մտքերը, որոնք արտահայտում են պետության որդեգրած սկզբունքները ազատության, խաղաղասիրության, իրավահավասարության վերաբերյալ:
Աշխարհի տարբեր երկրներից ամեն տարի հարյուրհազարավոր մարդիկ այցելում են այս վայր՝ ծանոթանալով ամերիկյան պատմության եւ այդ պատմության համար առանցքային նշանակություն ունեցող դեմքերի հետ:
Այս վայրը կարծես մի ուղերձ լինի՝ հղված աշխարհին առ այն, որ ժողովուրդը արժեւորում, հիշում եւ գնահատում է իր անցյալն ու պատմությունը, ինչպես նաեւ իր ընտրությունն ու դերն այդ պատմության մեջ: Այս գործիչների անունները հիշատակվում են ոչ միայն «National mall»-ի տարածքում, նրանց անուններով անվանակոչված են փողոցներ, շինություններ, համալսարաններ, գիտական կենտրոններ եւ այլն:
Սմիթսոնյան թանգարանների շարքում կա մեկը, որը կոչվում է «Դիմանկարների ազգային թանգարան», որտեղ պետության կայացման համար կարեւոր նշանակություն ունեցող մարդկանց՝ քաղաքական, մշակութային, հասարակական գործիչների դիմանկարներն են:
Առանձին ցուցադրված են ԱՄՆ-ի բոլոր նախագահների դիմանկարները: Պատկերասրահի բուն նպատակը պատմության ճանաչումն է՝ այդ պատմությունը կերտած մարդկանց դեմքերով:
Այս մարդկանց հանդեպ ոչ բոլորի վերաբերմունքն է միանշանակ: Այնպես չէ, որ այս մարդիկ անբասիր կյանքով են ապրել: Նրանց մեջ եղել են այնպիսիք, որոնք, օրինակ, քարոզելով ազատություն եւ հավասարություն, ստրկատեր են եղել: Սակայն այս պարագայում դա կարեւոր չէ: Կարեւորը նրանց դերի եւ տեղի գիտակցումն է՝ պատմության եւ պետության շահերով պայմանավորված:
Ալվարդ Սեմիրջյան